Դերասանուհի Ադրիանա Գալստյանին հեռուստադիտողը հիմա տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» հեռուստասերիալում: Տարբեր կերպարներում հանդես եկող դերասանուհին հիմա ներկայանում է դրական կերպարով և մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Միկայի, քրոջը:
«Այս կերպարս տարբերվում է իմ մարմնավորած նախորդ կերպարներից: Դրական, բարի աղջիկ է, ինքնահավան չէ, ուզում է դառնալ երգչուհի, ունի ձայնային տվյալներ, բայց հայրը դեմ է: Կերպարս հետաքրքիր փորձությունների միջով է անցնում սրտի սխալ ընտրության պատճառով, որի մասին չեմ բացահայտի: Սիրահարվում է, բայց թե ում, թող գաղտնի մնա»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Ադրիանան:
Ադրիանան առաջին անգամ նկարահանվում է Մովսես Երեմյանի, Աննա Սիմոնյանի, Արա Դեղտրիկյանի, Լևոն Հարությունյանի հետ, ասում է, որ նրանց հետ աշխատելը միայն դրական լիցքեր է տալիս. «Նրանց հետ շատ հեշտ է նկարահանվելը, և աշխատանքի ընթացքում երբեք չես ձանձրանում: Առհասարակ, հեռուստասերիալի անձնակազմը շատ պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին»:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Ադրիանան նկարահանվել է թե՛ հեռուստասերիալներում և թե՛ սիթքոմներում: Բնավորությամբ ինքնաքննադատ է և պահանջկոտ իր անձի, ինչպես նաև խաղի նկատմամբ. «Եթե մարդն իր անձի նկատմամբ պահանջկոտ չլինի, երբեք չի կատարելագործվի: Ինձ համար կարևոր է մարդկանց և մասնագետների կարծիքները, ես միշտ ուշադրություն եմ դարձնում առողջ դիտողություններին: Անկեղծ ասեմ, որ խաղացածս սերիաները միշտ մի քանի անգամ դիտում եմ՝ սխալներս և թերություններս հետագայում թույլ չտալու համար»։
Ադրիանան անկեղծորեն նշում է, որ այն դերասանուհիներից է, ում համար կարևոր են ստացած հոնորարները. «Որքան էլ որ հաճելի է աշխատել և զբաղվել սիրած աշխատանքով, նույնքան էլ հաճելի է դրա դիմաց բավարար վարձատրվել: Բնականաբար, կյանքում ամեն ինչ պետք է անել փոխադարձ՝ տալ և, միևնույն ժամանակ, ստանալ: Ես դերասանական որոշակի ճանապարհ եմ անցել, որն ինձ թույլ է տալիս ֆինանսական առումով էլ պահանջկոտ լինել: Ամեն անգամ նոր քայլ ես անում, չնայած դրանք այնքան մեծ չեն, քանի որ ապրում ենք Հայաստանում: Ես նաև հպարտանում եմ նրանով, որ կարողանում ենք այնպիսի սերիալներ նկարահանել, որոնք շատ տարբեր են, և դերասաններին էլ խաղալու տեղ են տալիս»:
Տեսարանների հարցում բավականին հարմարվող է, բայց մինչ այս ռեժիսորների կողմից հատուկ պահանջներ չեն եղել. «Օրինակ՝ չի եղել պահանջ համբուրվելու, որպեսզի ես էլ կանգնեմ ընտրության առաջ: Ինձ համար դերասանը պետք է լինի ճկվող և պատրաստ ցանկացած տեսարանի: Իհարկե, հաճախ համբուրվող դերասաններին նաև քննադատում են, դա էլ եմ նորմալ համարում: Իսկ իմ հիմնական պահանջն այն է, որ իմ խաղընկերը նույնքան նվիրված լինի իր աշխատանքին, որքան որ ես: Ես ուրախ եմ, որ ինձ հանդիպել են միայն այդպիսի դերասաններ»,-եզրափակեց դերասանուհին։
Աղբյուրը՝ BlogNews.am