Դերասանուհի Գայանե Ավետիսյանի հետ վերջին զրույցը «Միլիոնը թակարդում» 25 մասից բաղկացած հեռուստանովելի մասին էր: Այժմ նա նկարահանվում է նոր նախագծում: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է «Կայարան» հեռուստասերիալում իր մասնակցության ու կերպարային առանձնահատկությունների մասին:

«Առաջարկը ֆիլմի պրոդյուսեր Ելենա Արշակյանից եմ ստացել ու միանգամից համաձայնվել: Ելենայի հետ, բացի լավ ընկերներ լինելուց, աշխատել ենք նաև «Աննա» և «Որբեր» սերիալում: Քանի որ ծանոթ էի նրա աշխատելաոճին, վստահ էի, որ խնդիրներ չեմ ունենա»:

Դերասանուհու խոսքով՝ իրականում կերպարը որոշակի առումով նման է իրեն, կայացած ու ուժեղ կնոջ կերպար է. «Սառայի մուտքով նոր գույն ու շունչ կստանա «Կայարան» հեռուստասերիալը: Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը փորձելու է ոչ միայն փոխել Առնոյի կյանքը, այլև փրկել վտանգներից: Նա ցույց է տալիս ուժեղ, կայացած կնոջ տեսակը, բայց, միաժամանակ, նաև խոցելի է, անպաշտպան ու թույլ: Հոգեբանական շատ հետաքրքիր լուծումներով կերպար է և որպես դերասան՝ ինձ բացվելու հնարավորություն է տալիս: Ամեն ինչ անում եմ, որ կերպարը լինի իրականությանը մոտ։ Սառայի միջոցով հեռուստադիտողը Առնոյին կտեսնի ուրիշ տեսանկյունից»:

Գայանեն խաղընկերների հետ աշխատանքից ևս գոհ է. ասում է՝ միջավայրին ինտեգրվելու խնդիր չի ունեցել. «Շատ կարևոր է, թե ֆիլմում խաղընկերդ ով է: Առաջին անգամ եմ աշխատում Ալեքսանդր Բաբասյանի հետ ու կարող եմ ասել, որ հաճելիորեն զարմացած եմ, քանի որ նա հրաշալի է զգում դիմացինին, մի տեսակ պարտնյորի զգացողություն կա»:

«Կայարանը» մեկ տարի է, ինչ եթերում է և ունի բավականին մեծ վարկանիշ: Գայանեն չի վախենում նշել, որ իր մուտքը հեռուստասերիալ գուցե նաև ռիսկային էր. «Երբ կեսից մտնում ես մի նախագիծ, որն արդեն հաջողված է, ակամայից պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում: Դու պիտի անես ավելին, քան արված էր մինչ այդ: Այս ամենը ես շատ լավ գիտակցում եմ և ինձ լավ եմ զգում նկարահանման հրապարակում»:

Գայանեն հագեցած նկարահանումների հետ միաժամանակ հասցնում է նաև ակտիվ ստեղծագործել: Հեղինակում է երգեր ու համագործակցում հայտնի երգիչ-երաժիշտների հետ:

loading...