«4 տարբերակ» խմբից Նարինե Մկրտումյանի ընտանիքը 10 տարեկան է: Հոբելյանական օրը երգչուհին անակնկալների պակաս չի ունեցել: Թե ինչպես է անցել նրա եւ ամուսնու «երկրորդ հարսանիքը», ինչպես են կարողացել այս տարիների ընթացքում պահպանել ընտանիքն ու ինչպիսի հարաբերություններ ունեն, Նարինեն պատմել է BRAVO.am-ին:
Երգչուհին խոստովանել է՝ տարիներ են եղել, նույնիսկ մոռացել են ամուսնության օրվա մասին.«Մեր հարսանիքը շատ մեծ ու ճոխ է եղել, քանի որ ընտանիքում առաջին աղջիկն էի, որ ամուսնանում էր: Շատ ուրախ եւ աստղաշատ հարսանիք ենք ունեցել, մեր խումբն էլ երգել է: Տասը տարի անց մեզ համար հիանալի տոն էր կազմակերպել ամուսնուս ընտանիքի քավորը: Նա ԱՄՆ-ից հյուր էր եւ խնջույք էր նախաձեռնել հենց այդ օրը՝ բոլոր ազգականներին հրավիրելով հրաժեշտի երեկոյի եւ նաեւ մեր հարսանիքի հոբելյարը նշելու»:
Նարինեի խոսքով՝ առավոտյան ամուսնուն սիրելի օծանելիքն է նվիրել, ինչին ի պատասխան՝ միայն շնորհակալություն է լսել.«Մտածեցի՝ զբաղվածության պատճառով չի կարողացել որեւէ բան գնել, բայց երեկոյան գեղեցիկ երաժշտության ներքո ներս բերեցին վարդերի մի մեծ փունջ, նաեւ ոսկյա մատանի, որն էլ ամուսինս նվիրեց ինձ: Իսկ օրվա ավարտին հարս ու փեսայով տորթ բերեցին, դա էլ նրա ծնողների անակնկալն էր: Կարծես նորից մեր հարսանյաց արարողությանը մասնակցեինք»:
Նարինեն անկեղծորեն նշել է, որ այս տարիների ընթացքում իր ընտանիքում նաեւ խնդիրներ են եղել, որոնք էլ փորձել են շրջանցել.«Միշտ ասել եմ ու կասեմ, որ ամենահեշտը բաժանվելն է, իսկ ապրել, պայքարել ընտանիքը կայուն պահելու համար ավելի դժվար է, իհարկե, վայելելուն, սիրելուն եւ սիրվելուն համընթաց: Այժմ, Փառք Աստծո, ամեն բան իր տեղում է, մենք երբեք միմյանց հետ բարձր տոնով չենք խոսում, մեզ միշտ ասում են՝ դուք շատ թեթեւ եք: Գլուխ գովել չլինի, բայց շրջապատում մենք օրինակելի եւ սիրված ընտանիք ենք, դա մեզ հետ շփվող մարդիկ են ասում»: