Դերասան Ալեքսանդր Բաբասյանն, ով արդեն մեկ տարի է, ինչ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում, հենց կադրում կտրել է իր մազերն այն դեպքում, երբ դրանց տալիս է չափից ավելի մեծ նշանակություն: Իր համարձակ որոշման մասին Ալեքսանդրը խոսել է Life.panorama.am-ի հետ՝ պատմելով, որ որքան բարդ է եղել գնալ այդ քայլին, նույնքան էլ մեծ է եղել նպատակը՝ ապահովել վարկանիշ իր հարազատ հեռուստասերիալի համար:
«Իմ ծանոթներն ու Instagram-ի հետեւողները գիտեն, որ ես շատ-շատ եմ հետեւում արտաքին տեսքիս: Եթե ոչ ամեն օր, ապա օր ու մեջ հաստատ գեղեցկության սրահ եմ հաճախում: Խստովանում եմ, որ գրեթե վեց ամիս տանջվել էի, որպեսզի ստանայի իմ ցանկալի մազերի չափը, երբ դրանք ոչ շատ երկար լինեին, ոչ էլ կարճ: Ես անդադար փնտրում էի, անընդհատ տանջվում, որպեսզի իմ պատկերացրած տեսքը ունենայի, որն էլ գտա այս տարվա սկզբին: Այսինքն՝ բավականին շատ եմ սպասել ու չարչարվել ցանկալի արդյունքի համար, բայց երբ «Կայարան»-ի սյուժետային գիծը զարգացավ այնպես, որ Առնոյի կերպարը բանտում հայտնվեց, ես ու մեր ռեժիսորական, պրոդյուսերական թիմը հասկացանք, որ Առնոյի արտաքին տեսքի հետ կապված եւս պետք է փոփոխություններ լինեն»,- պատմեց Ալեքսանդրն ու շարունակեց.
«Երբ որոշում կայացրինք, որ պետք է դերի համար կտրեմ մազերս, ինքս առաջարկեցի, որ դա լինի հենց կադրում, ինչը կրկնակի կհետաքրքրացներ սերիան: Ես հրավիրեցի իմ վարսավիրին, ով տեսախցիկի առջեւ կտրեց մազերս: Իհարկե, դժվար էր գնալ այդ քայլին, բայց անհամեստություն թող չլինի, նման քայլի երեւի կարող են գնալ նրանք, ովքեր իսկապես հասկանում են լավ աշխատանքի գինը ու պրոֆեսիոնալ են իրենց գործում: Ես ցանկացած զոհողության կարող եմ գնալ իմ սիրելի աշխատանքի եւ թիմի համար:
Կարծում եմ՝ արժեր գնալ այդ քայլին, որովհետեւ դա կնպաստեր մեր սերիալի վարկանիշի բարձրացմանը: Մարդիկ, ովքեր նայում են այս նախագիծը, հիմնականում հետեւում էին դերասանական խաղին, իսկ նրանց աչքի համար նորություն էր պետք: Ի վերջո, բանտում հայտնված մարդը չէր կարող երկար մազերով լինել, իսկ մենք փորձում ենք ամեն բան անել բնական ու բարձր մակարդակով: «Կայարան»-ը դիտողները առաջիկայում կտեսնեն նաեւ նոր խաղ իմ կողմից, որը էլ ավելի կհետաքրքրացնի կերպարս»: