«Սուպեր մամա 2» ֆիլմի պրեմիերային մնացել է 1 օր։ Պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ը խոսել է ֆիլմի բացասական հերոսին մարմնավորող Հրաչ Մուրադյանի հետ։ Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն առաջին անգամ է ներկայանում որպես դերասան։ Ասում է` մինչև այս 10–ից ավելի նմանատիպ առաջարկ է ստացել, որոնք մերժել է առանց մտածելու։ Պատճառներից մեկն էլ այն է, որ հեռուստադիտողները սովոր են Հրաչին տեսնել որպես սոցիալական նախագծի` «Կիսաբաց լուսամուտների» հաղորդավար։ «Սուպեր մամա 2»–ում նկարահանվելու առաջարկը Հրաչին ստիպել է մտածել և համաձայնել։

 

«Սա միակ առաջարկն է եղել, որը ես քննարկել և համաձայնել եմ։ Գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջին փորձս է, սակայն  մինչև այս փոքրիկ դրվագներում ներկայացել եմ։ Դա, երևի, առիթ է եղել ռեժիսորների համար` հասկանալու, թե ինչ կարող է լինել։ «Սուպեր մամա»–ի ռեժիսոր Վահագն Խաչատրյանի հետ երկար տարիներ աշխատել ենք ATV հեռուստաընկերությունում և նա գիտի` ինչ կարող եմ, ինչ` ոչ։ Երևի թե, թիմի համար եմ համաձայնել այս ռիսկային դերին, որովհետև, միանշանակ բացասական կերպար եմ մարմնավորում, որը արդարացման որևէ կետ չունի։ Ամեն դեպքում, ինձ համար հետաքրքիր էր»,– ասաց Հրաչը։

 

 

Հաղորդավարը հայտնեց, որ ինքը դերասանական կազմում ընդգրկվել է վերջին պահին։ «Նույնիսկ խնդիրներ առաջացան նկարահանման օրերի հետ կապված, քանի որ գործի բերումով պետք է  բացակայեի քաղաքից։ 2 օր տրամադրել ենք «չիտկաներին», 4 օր էլ նկարահանումների համար ունեինք։ Ինձ ինստիտուտում էի զգում, քանի որ Արման Մարությանը խնդրում էր անընդհատ պարապել հայելու առաջ։ Նկարահանման գրաֆիկն ամբողջությամբ փոխել են, ինչ–որ տեսարաններ կրճատվել են, որպեսզի հասցնենք նկարահանումները 4 օրում։ Սուպերպրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում։ Իմ ուժերի սահմանում փորձել եմ անել առավելագույնը։ Ինձանից ոչինչ չեմ արել, փորձել եմ լսել ռեժիսորներին»,– պատմեց նա։ Հրաչի կերպարային գիծը հիմնականում զարգանում է դերասանուհի Անի Խաչիկյանի հերոսուհու հետ։

 

Չնայած փորձառության պակասին` Հրաչը նշեց, որ տեսարանի չստացվելու խնդիր բացարձակ չեն ունեցել։ Խոսելով դժվարությունների մասին` Հրաչը նշեց, որ իր համար ամենաբարդը ֆիլմի նկարահանումների ռիթմն էր. ֆիլմում մի տեսարանը նկարահանվում է մի քանի պլանով և ամեն անգամ նոր  «դուբլ» է պահանջվում։ «Ես հեռուստատեսությունում սովոր չեմ մի քանի «դուբլով» աշխատել։ Բարդ էր նկարահանել նաև մասսայական տեսարանները։ Մարդիկ զարմացած ինձ էին նայում, երբ տեսնում էին նկարահանման հրապարակում։ Չէին հասկանում` ինչ է կատարվում։ Մենք քաղաքի կենտրոնում մասսայական տեսարաններ էինք նկարահանում, որտեղ ես լուրջ վնասվածքներ ունեի։ Որքան էլ փորձում էինք այնպես անել, որ մարդիկ չտեսնեին, միևնույն է, տեսնում էին»– ասաց նա։

 

 

Սպասելիքների մասին խոսել հաղորդավարը դժվարացավ. «Ընդհանրապես չեմ մտածում, թե ինչպես կընդունվի, չգիտեմ, ինչ կարող է լինել, քանի որ չունեմ փորձառություն։ Ես կողմնորոշված եմ մասնագիտական ունակություններիս մեջ, բայց  ո՛չ լավ, ո՛չ վատ գնահատականի չեմ հավակնում, քանի որ սա նոր բան է ինձ համար։ Հուսով եմ` հանդիսատեսը լավ կընդունի»։

 

Առաջին «Սուպեր մամայի» մասին խոսելիս Հրաչը նկատեց, որ դեմքին միանգամից ժպիտ է գալիս, որովհետև ֆիլմում շատ–շատ են ծիծաղելի հատվածները։ Նա կարծում է, որ «Սուպեր մամա 2»–ը կրկնակի ծիծաղելի է լինելու։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ֆիլմի երկրորդ մաս նկարահանելը ռիսկային է, քանի որ հանդիսատեսը գալիս է կինոթատրոն հստակ ակնկալիքներով, սակայն Հրաչը վստահ է` «Սուպեր մամա 2»–ը չի հիասթափեցնի։ «Միայն այն, որ ֆիլմը պետք է նկարահանվեր նախորդ տարի, սակայն ստեղծագործական թիմը ևս 1 տարի վերցրել է սցենարի վրա աշխատելու համար, խոսում է լուրջ մոտեցման մասին»,– եզրափակեց նա։

 

Աղբյուրը՝ Tert.am Life

loading...