Zdorovie.com-ը գրում է, որ ԱՄՆ-ում շուրջ 30 միլիոն մարդ տառապում է միգրենով. նրանց 75 տոկոսը կանայք են։ Միգրենը ռիթմիկ գլխացավ է, որը սովորաբար առաջանում է գլխի մի հատվածում։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է գրգռել ցավը, բայց միգրենի առկայության մասին վկայող նշանները կարող են տարբերվել՝ կախված անհատից։ Հիվանդության մասին կարող են վկայել հետևյալ նշանները։
Աուրա։ Միգրենով տառապող մարդկանց մի մասի շրջանում նկատվում է վիճակ, որը հայտնի է «աուրա» անունով։ Ընդ որում, ամենատարածվածը տեսողական «աուրաներն են»։ Աչքերի առաջ կարող են հայտնվել փայլող գծեր, բծեր, կետեր, որոնք կարող են փոխել իրենց դիրքն ու ուղղությունը։ Սա սովորաբար տևում է 5 րոպեից մինչև մեկ ժամ և նախորդում է գլխացավին։
Քնի խանգարում։ Արթնանալուց հետո հոգնածության զգացումն ու քնելու դժվարությունը հաճախ են ուղեկցում մարդկանց, ովքեր միգրենով են տառապում։ Քնի անբավարար մակարդակն ազդում է միգրենի հաճախանակության և ինտենսիվության վրա։ Միգրենը հաճախ ուղեկցվում է անքնությամբ, և առաջանում է փակ շղթա, որը դժվար է հաղթահարել։
Քթի խցանում և արցունքոտվող աչքեր։ Միգրենով տառապող անձանց շրջանում կարող է նկատվել արցունքի արտադրություն, ինչպես նաև քթի խցանում։
Հակումներ որոշակի մթերքի նկատմամբ։ Միգրենով տառապող անձանց շրջանում կարող են նկատվել նաև հակումներ որոշակի մթերքի նկատմամբ։ Որպես կանոն՝ նրանք շոկոլադ ուտելու ցանկություն են ունենում։
Ռիթմիկ գլխացավ։ Սա միգրենի դասական նշաններից մեկն է։ Սովորաբար այն զգացվում է գլխի մի կողմում։
Աչքի ցավ։ Միգրենի դեպքում կարող է նաև նկատվել ցավ աչքերի հետևի հատվածում։ Այս ցավը երբեմն վերագրվում է տեսողական հյուծվածությանը։ Որոշ դեպքերում էլ հիվանդները դիմում են ակնաբույժի օգնությանը, ինչը, սակայն, չի թեթևացնում գխացավը։
Ցավ իրանի հատվածում։ Շատերը գանգատվում են իրանի հատվածում զգացվող ցավից, որը վերաճում է գլխացավի։ Իրանի հետնամասում ցավի առկայությունը՝ մինչև գլխացավը կամ դրանից հետո, միգրենի նշաններից մեկն է։
Հաճախակի միզարձակում։ Եթե սկսում եք հաճախակի գնալ զուգարան, հնարավոր է՝ գլխացավը շուտով կսկսվի։
Հորանջել։ Սա ևս կարող է վկայել այն մասին, որ գլխացավը մոտենում է։
Թմրածություն և ծակծկոց։ Այս երկու նշանները կարող են նախազգուշացնել այն մասին, որ միգրենի նոպա է սպասվում։ Այս զգացումը սկսվում է մատների ծայրերից և տարածվում ամբողջ մարմնով, ընդհուպ՝ մինչև դեմքի հատված։
Սրտխառնոց և փսխում։ Միգրենով տառապող մարդկանց 73 տոկոսը գանգատվում է սրտխառնոցից ու փսխումից։
Վիճակը ծանրացնող հանգամանքներ։ Ուժեղ միգրենի ընթացքում մարդիկ փորձում են լինել մութ և լուռ վայրում։ Վառ լույսը, կտրուկ ձայներն ու նույնիսկ հոտերը կարող են էականորեն ուժեղացնել տհաճ զգացողությունները։
Դժվարություններ խոսելիս։ Չե՞ք կարողանում արտահայտել մտքերը։ Սա կարող է միգրենի առկայության նշաններից մեկը լինել։
Թուլություն մարմնի մի կողմում։ Դժվարանո՞ւմ եք շարժել ձեռքը։ Միգրենով տառապող անձանց մի մասի շրջանում գլխացավի առաջացումից առաջ կարող է թուլանալ մարմնի մի կողմը։ Այս երևույթը բնորոշ է նաև կաթվածին, այդ պատճառով հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։
Գլխապտույտ, տեսողության երկվություն։ Միգրենը կարող է գլխապտույտի, տեսողության երկվության հետևանք դառնալ։ Որոշ անձանց մոտ խախտվում է նաև հավասարակշռությունը։
Կեղծ խումհար։ Միգրենի նոպայից հետո հիվանդը կարող է թույլ խումհար զգալ՝ թուլություն, կենտրոնանալու դժվարություններ, գլխապտույտ։
Դեպրեսիա և գրգռվածություն։ Տրամադրության արագ փոփոխությունը ևս կարող է միգրենի նշան լինել։ Ճնշվածությունն ի հայտ է գալիս անսպասելի և առանց պատճառի։
Աղբյուրը` 168.am