Ֆուլհաուսցիզները այս օրերին խիստ զբաղվածություն ունեն: Սիրված թիմը երեւանյան համերգներից անմիջապես հետո մեկնեց եվրոպական համերգային հյուրախաղերի, բայց արդեն Երեւանում են ու պատրաստվում են հաջորդ ծրագրին:

«Եղանք Բելգիայում, Փարիզում եւ Վիեննայում: Մեր գրաֆիկը բավականին խիտ է, իհարկե, հոգնում ենք, բայց ամեն տեղ այնքան ջերմ են ընդունում մեզ, որ մոռանում ենք չքնածության եւ հոգնածության մասին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը, իսկ հարցին, թե ինչպես են կարողանում հանդիսատեսին զգացնել չտալ գերհոգնածությունն ու չթողնել, որ այն անդրադառնա իրենց աշխատանքների որակի վրա, պատասխանեց.

«Դա արդեն մասնագիտական հմտություն է, հենց բարձրանում ենք բեմ, ամեն ինչ մոռանում ենք: Այո, վերջին չորս տարիները հագեցած էին նկարահանումներով եւ համերգներով, բավականին շատ ենք աշխատում ու չհոգնելն անխուսափելի է, բայց երբ հասկանում ես, որ այն, ինչ անում ես հեռուստադիտողին ու հանդիսատեսին դուր է գալիս, ամեն տեսակ հոգնածություն անցնում է երկրորդ պլան»:

Ինչպես արդեն հայտնի է` «Ֆուլ հաուս»-ը կավարտվի 7-րդ եթերաշրջանով: Հետաքրքրվելով` նախագիծը կսպառվի, թե նոր ծրագրեր ունեն, Ա. Պետրոսյանը նշեց.

«Առայժմ եթերաշրջանով կավարտվի «Ֆուլ հաուս»-ը որպես հեռուստատեսային պրոյեկտ, բայց մեր պլաններում դեռեւս համերգներ կան, բացի այդ նախատեսում ենք նկարահանել նաեւ գեղարվեստական ֆիլմ: Իհարկե, ֆիլմը այլ պատմություն կունենա, միայն կերպարները կլինեն նույնը: Այնպես որ, մեր թիմը չի մասնատվի,  շատ պլաններ ունենք, որոնց մասին դեռեւս չենք ուզում խոսել»:

Իսկ վերջում պրոդյուսերը ծանոթացրեց ֆուլհաուսցիների առաջիկա ծրագրերին.

«Պատրաստվում ենք մեկնել Մոսկվա` մասնակցելու «Տաշի շոուին», հետո կանցնենք նոր եթերաշրջանի նկարահանումներին, նոյեմբերի 1-ին կկայանա մեր երեւանյան համերգը, իսկ նոյեմբերի 8-ին համերգային ծրագրով կմեկնենք Լոս Անջելես ու Ֆրեզնո»,- ավարտեց Արմեն Պետրոսյանը:

Աղբյուրը՝ panorama.am

loading...