Երգչուհի Լայանան արդեն տեւական ժամանակ է, ինչ էկրանային լռություն է պահպանում: Նախկինում ակտիվ գործող երգչուհին այժմ նոր տեսահոլովակներ չի ներկայացնում հանրությանը, ավելին` վերջերս անգամ լուրեր տարածվեցին, թե Լայանան ընտանիքի հետ միասին պատրաստվում է արտագաղթել: Այս եւ այլ թեմաների մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ:

«Այո, բավականին երկար ժամանակ է, ինչ նոր տեսահոլովակ չեմ ներկայացրել, բայց շարունակում եմ երգել կորպորատիվ երեկոներում եւ ակումբներում, նաեւ նոր երգեր եմ ձայնագրում, այսինքն` շարունակում եմ մնալ ոլորտում: Իսկ լռությանս հիմնական պատճառը աղջիկս է: Մի տեսակ տարվել եմ նրանով, ուզում եմ ամեն վարկյանն ու պահը վայելել նրա կողքին: Ճիշտ է` ժամանակին ես համատեղել եմ աշխատանքն ու ընտանիքս, սակայն գալիս է մի պահ, որ մի տեսակ ընտրության առաջ ես կանգնում: Ինչ խոսք, ես չեմ հեռացել երգարվեստից, պարզապես հիմա որոշ փոփոխություններ եմ զգում ներսումս, երազանքներս են փոխվել, որոշումներումս ավելի ծանր եմ: Հիմա երազում եմ երեք բալիկների մասին, ավելի շատ ընտանիքիս վրա եմ կենտրոնացած եւ դա ինձ դուր է գալիս»,- նշեց Լայանան:
Հետաքրքրվելով, թե երգչուհին, ե՞րբ է նախատեսում կրկին ակտիվ գործել,  պատասխանեց.

«Անկեղծ ասաց, ստույգ ժամկետներ ասել չեմ կարող, քանի որ դա կախված է ֆինանսից եւ այլ հարցերից: Պլաններ շատ կան, բայց դրանք իրագործելու համար ժամանակ է պետք, իսկ առայժմ ինձ լսել ցանկացողները կարող են գալ ակումբ: Ուրախ եմ, որ ունեմ երկրպագուներ, որոնք սպասում են ինձ ու սիրում են իմ արվեստը»:
Անդրադառնալով լուրերին, թե Լայանան ընտանիքի հետ ցանկություն ունի լքել Հայաստանը, նշեց.
«Ոչ թե Հայաստանը լքելու մտքեր ենք ունենում, այլ իմ կամ ամուսնուս գործի բերումով պարբերաբար հրավերներ ենք ստանում: Այս առումով հստակ ոչինչ չկա, այդ իսկ պատճառով խորանալ կամ որեւէ բան ասել չեմ ցանկանա: Եթե վերջնականապես որոշենք գնալ Հայաստանից, ինքս այդ մասին բոլորին կասեմ: Հիմա օդում կախված շատ հարցականներ ունենք, թերեւս նաեւ դրանց հետ է կապված էկրանային պասիվությունս»:

Խոսելով դստեր մասին` երջանիկ մայրիկը ժպիտով պատմեց.
«Աղջիկս արդեն 2.5 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ, որի մեջ զետեղված են տարբեր խմբակներ: Կարծում եմ` աղջկաս մեջ գեներս իրեն զգացնել են տալիս արդեն, նա երգում է, իր բոլոր խաղալիքները, գրքերը եւս երգում են: Նրան երաժշտությամբ ենք շրջապատել եւ դա արել ենք ոչ թե նպատակադրված, որ նա երգի, այլ պարզապես այդ ամենը նրան շատ է հետաքրքրում: Հիմա իմ ամբողջ ուշադրությունս նա է գրավել, հոգիս ասես «գողացել» է, պարզապես տարված եմ նրանով»:

Ի դեպ` Լայանան արդեն իսկ մտածում է կրկին մայրանալու մասին.
«Շատ մեծ ցանկություն ունեմ ամուսնուս որդի պարգեւել, որովհետեւ դա բոլոր տղամարդկանց երազանքն է: Աստծո կամոք, թող արժանանանք այդ օրհնությանը»,- հավելեց նա:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...