Հոկտեմբերի 15-ից Արմենիա Պրեմիումի եթերում կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը: Այս ընթացքում ընթերցողները լրատվամիջոցներից բավականին ինֆորմացիա ստացան նախագծի թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմի մասին: 

- Գիտենք, որ մանկական մյուզիքլում առաջին անգամ եք աշխատել: Որո՞նք են նման նախագծերի առաձնահատկությունները:

- Այո, սա առաջին մանկական նախագիծն է, որտեղ հնարավորություն ունեցա աշխատելու: Դժվարություն ասվածը միայն մի բանում էր, որ իրենք պարզապես երեխաներ են: Նրանք հարցին ու գործին չեն վերաբերվում այնպես, ինչպես կվերաբերվի մեծահասակը: Միակ հարաբերական խնդիրը նրանց երեխա լինելն էր:

- Մի ամբողջ օր նկարահանում, ու հոգնած, ձանձրացած երեխա: Ռեժիսորական ի՞նչ մեթոդներ էին կիրառվում նրանց իրականություն վերադարձնելու համար:

- Այստեղ կրկին գալիս էր այն հանգամանքը, որ նրանք երեխա են, ու նրանց հետ պետք է շփվել իրենց լեզվով: Մեր ուզածին հասնում էինք թե՛ խոսքով, թե՛ պարով, երբեմն կատակով, խաղով ու կոնֆետով: Այսինքն՝ երեխաներին թարմացնելու միակ ճանապարհն իրենց խաղի կանոններով խաղալն էր:

- Ֆիլմն իր մեջ ունի՞  ռեժիսորական այնպիսի մոտեցումներ, որոնք չունեն մեր եթերում եղած սիթքոմները:

- Ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ երբևէ չի արվել մանկական սիթքոմ: Դիտողականության առումով ևս կարող եմ վստահ լինել, որ, միանշանակ, բարձր է լինելու, որովհետև, բացի նրանից, որ մանկական է, գունավոր ու պայծառ է, կան երաժշտական և պարային հետաքրքիր լուծումներ: Մյուզիքլը գալու է բավարարելու եթերային այն բացը, որը տարիների ընթացքում առաջացել է հեռուստադիտողի մոտ: Չեմ անտեսում նաև դաստիարակչական գործառույթը, գրագետ խոսքը: Կրկնում եմ՝ վստահ եմ, որ «Նվագախմբի երեխաները» լավագույնների շարքում է լինելու:

- Ֆիլմի նկարահանումներն ավարտված են: Ֆիլմը լուծե՞ց իր առջև դրված խնդիրները:

- Կարծում եմ, որ մեծ մասով լուծեց: Ամեն դեպքում, գրեթե ոչ մի նախագիծ չի կարող ամբողջությամբ լուծել բոլոր խնդիրները։ Նախագծի հաջողված լինելը կփաստի հեռուստադիտողը:

- Եթե ասում եք, որ դիտելիության խնդիր չի լինելու, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ֆիլմը կկրի  շարունակական բնույթ:

- Ենթադրում եմ, որ հանդիսատեսը ցանկություն է ունենալու երկրորդ և երրորդ եթերաշրջանները դիտելու: Սցենարն այնքան հետաքրքիր է, ինֆորմատիվ ու օգտակար, որ միանշանակ շարունակություն պահանջելու է: Սա այն դեպքն է, որ անմիջականորեն կապված չէ ռեյտինգ ասվածի հետ:

- Ասացիք, որ Ձեր առաջին փորձն է երեխաների հետ աշխատելու և, ինչպես հասկացանք, այդքան էլ հեշտ չի եղել: Ցանկություն կունենա՞ք շարունակել աշխատանքը, երբ բոլոր դժվարություններն արդեն ճաշակել եք:

- Եթե երկրորդ անգամ ավելի բարդ խնդիր առաջարկեն, ապա կրկնակի ոգևորությամբ կանցնեմ գործի: Այսինքն, միանշանակ կողմ եմ ավելի բարդ խնդիրներ լուծելուն:

«Նվագախմբի երեխաների» առաջին սերիան կարող եք դիտել հոկտեմբերի 15ին․ սիթքոմ-մյուզիքլ խոստանում է դառնալ ամենասիրվածն ու սպասվածը ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար։


Աղբյուրը՝ BlogNews

loading...