Շատ հաճախ մարդիկ անցանկալի մազերի առատ աճը կապում են որևէ հիվանդության հետ՝ սկսելով անհանգստանալ: Սակայն դա ոչ միշտ է վկայում որևէ ախտաբանության մասին: Օրինակ՝ եթե կնոջ հարազատների շրջանում բոլոր կանայք ունեն ավելորդ մազեր, ապա ամենայն հավանականությամբ խնդիրը գենետիկայի մեջ է (գենետիկ հիրսուտիզմ):

Այնուամենայնիվ՝ այս խնդիրը կարող է լինել նաև լուրջ էնդոկրին ախտաբանության ախտանշան, ուստի անհրաժեշտ է անպայման բուժզննում անցնել գինեկոլոգ-ներզատաբանի մոտ:

Հիրսուտիզմը կարող է պայմանավորված  լինել օրգանիզմում արական սեռական հորմոնների բարձր մակարդակով, ինչը հաճախ լինում է ձվարանների խնդիրների դեպքում: Բացի այդ, այս ախտանշանը կարող է վկայել նաև չարորակ կամ բարորակ ուռուցքների առկայության մասին:

Արական սեռական հորմոնները սինթեզվում են մակերիկամներում, ուստի մակերիկամների հիվանդությունները նույնպես կարող են դրսևորվել մազակալմամբ: Ավելորդ մազերը կարող են ի հայտ գալ նաև հիպոֆիզի ուռուցքների դեպքում, որոնց հետևանքով արագանում է արական սեռական հորմոնների արտադրությունը և նույնիսկ կարող է զարգանալ վիրիլիզմ (այրանմանություն):

Նման դեպքերում բժիշկը սովորաբար խորհուրդ է տալիս կատարել փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն և հանձնել արյան անալիզ՝ սեռական հորմոնների մակարդակը ստուգելու համար: Հստակ ախտորոշման համար երբեմն հարկավոր է լինում նաև ձվարանների ու մակերիկամներ համակարգչային տոմոգրաֆիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա:

Եթե հիրսուտիզմի պատճառը ձվարանների կամ մակերիկամների ուռուցքներն են, ապա դրանք անհրաժեշտ է հեռացնել: Բուժումը (հակաանդրոգեններով) նշանակվում է միայն այդ ախտորոշումների հերքման դեպքում: Դեղամիջոցների ընդունման կուրսը տևում է առնվազն 6 ամիս: Հիրսուտիզմի առաջացման պատճառներից ազատվելուց հետո անցնակալի մազերի քանակությունն ու խտությունը որպես կանոն նվազում է, սակայն սա չի օգնի ամբողջությամբ ազատվել խնդրից: Սա է պատճառը որ դեղամիջոցների ընդունումն անհրաժեշտ է համատեղել մազահեռացման հետ:

 


Աղբյուրը՝ Tert.am

loading...