Երիկամները զույգ գեղձային օրգաններ են, որոնց հիմնական գործառույթն արյունը մաքրելն ու նյութափոխանակության արգասիքներն օրգանիզմից դուրս բերելն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երիկամների ամենատարածված հիվանդությունները և դրանց բուժման ու կանխարգելման միջոցները:

 

Երիկամների ամենատարածված հիվանդություններն են.

 

·        Պիելոնեֆրիտը. երիկամների բորբոքումը, որը սովորաբար դրսևորվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (38–39°С), դողով, մկանային ցավով, գլխացավով ու գոտկատեղի ցավով: Այս ախտանշանների դեպքում լավագույն տարբերակը շտապ օգնություն կանչելն է: Որպես կանոն՝ պիելոնեֆրիտի բուժումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում:

 

·        Ցիստիտ. միզապարկի լորձաթաղանթի և ենթալորձնային շերտի բորբոքումն է, որը հաճախ պայմանավորված է լինում վարակով: Վարակը կարող է միզապարկ ներթափանցել տարբեր ուղիներով (միզուղու միջոցով, երիկամների միջոցով, միզապարկի պատի միջով): Սովորաբար այս հիվանդությունը հանդիպում է կանանց շրջանում: Տղամարդկանց մոտ ցիստիտն առաջանում է խիստ հազվադեպ:

 

·        Միզաքարային հիվանդություն. երիկամներում, միզածորաններում կամ միզապարկում քարերի առաջացումն է, որը պայմանավորված է նյութափոխանակության գործընթացների բնածին խանգարմամբ, որին գումարվում են անբարենպաստ գործոնները: Այս հիվանդության դեպքում քարերի 70-80%-ը կալցիումի ոչ օրգանական միացություններ են:

 

Երիկամների հիվանդությունների կանխարգելումը

 

Երիկամներում քարերի առաջացումը կանխելու ամենապարզ միջոցը մեզի նոսրացումն է, ուստի այս հիվանդության դեպքում հարկավոր է հնարավորինս շատ հեղուկ օգտագործել: Սովորաբար խորհուրդ է տրվում այնքան հեղուկ խմել, որ մեզի հետ օրգանիզմից մոտ 2.5 լիտր հեղուկ դուրս գա: Սակայն այս մեթոդը հակացուցված է սրտանոթային հիվանդություններից տառապողներին, որոնք պետք է սահմանափակեն հեղուկը:

 

Շատ օգտակար կարող են լինել միզամուղ ազդեցությամբ օժտված բույսերը, մասուրի թուրմն ու խնձորի կոմպոտը: Այս հիվանդության դեպքում ջուրն անպայման հարկավոր է եռացնել և զտել: Հանքային ջուր խմելը ցանկալի չէ, քանի որ այն պարունակում է կալցիում և մագնեզիում, որոնցից կարող են քարեր ձևավորվել:

 

Խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը տարատեսակ սննդամթերքով, սակայն չչարաշահել: Սննդակարգում սահմանափակումները կախված են քարերի բաղադրությունից:

 

Օքսալատների և խառը տեսակի քարերի հայտնաբերման դեպքում հարկավոր է սահմանափակել կալցիումով ու թրթնջկաթթվով հարուստ սննդամթերքը (լոբազգիներ, թրթնջուկ, հազար, սպանախ և այլ կանաչ բանջարաեղեն): Ցանկալի չէ ուտել ազնվամորի, պանիր, շոկոլադ, ընկուզեղեն: Բացի այդ, հարկավոր է խիստ սահմանափակել հաղարջը բողկը, շաղգամն ու ցիտրուսային մրգերը: Նաև խորհուրդ չի տրվում խմել թունդ թեյ, սուրճ և կակաո: Որոշ չափով հարկավոր է սահմանափակել նաև կերակրի աղի և կենդանական ճարպերի գործածություն: Շատ օգտակար կլինի սննդակարգը մեծ քանակությամն մանրաթելեր պարունակող մթերքով հարստացնելը:

 

Եթե հայտնաբերվել են ուրատային քարեր, ապա հարկավոր է սահմանափակել այն սննդամթերքը, որը նպաստում է օրգանիզմում միզաթթվի առաջացմանը (մսային արգանակներ, թռչնամիս, ձուկ, երշիկեղեն, կծու պանիր): Հակացուցված են նաև թունդ թեյը, սուրճը, շոկոլադն ու կակաոն: Հարկավոր է հնարավորինս քիչ ուտել տապակած և շագեխաշած միս ու ենթամթերք, ինչպես նաև սահմանափակել ալկոհոլը՝ հատկապես կարմիր գինիներն ու կոնյակը:

 

Ֆոսֆատներ պարունակող քարերի առկայության դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել կաթնամթերքը, ձուկն ու հավկիթը:

 

Քրոնիկական պիելոնեֆրիտը որպես կանոն սրվում է գարնանն ու աշնանը, ուստի  այդ ընթացքում կարելի է պրոֆիլակտիկ նպատակներով միզամուղ, հակաբորբոքային ու հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված բուսական համալիրներ օգտագործել:

 

Ցիստիտի կանխարգելման համար շատ կարևոր է անձնական հիգիենայի կանոններին հետևելը: Այս հիվանդության բուժման ու կանխարգելման համար կարող են կիրառվել միզամուղ թեյեր և հակաբորբոքային ու հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ:

 

Բացի այդ, հարկ է հիշել, որ և՛ ցիստիտի, և՛ պիելոնեֆրիտի կանխարգելման համար հարկավոր է խուսափել գերսառեցումից: Հատկապես վտանգաված է գոտկատեղի հատվածը, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

 

Որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին

 

Հիվանդը պետք է շտապ դիմի մասնագետի օգնությանը հետևյալ ախտանշանների դեպքում.

 

·        երբ նկատվում է հեղուկի կուտակում օրգանիզմում, իսկ դեմքնն ու ոտքերը մշտապես այտուցված են,

 

·        երբ նկատվում է զարկերակային ճնշման կայուն բարձրացում,

 

·        երբ նկատվում է արյունոտ մեզ,

 

·        երբ ցիստիտի դեպքերը պարբերաբար կրկնվում են:


Աղբյուրը՝ Tert.am

loading...