Երգիչ Նորոն կնոջ հետ Երևանում է։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն Երևան են բերել կորպորատիվ երեկույթների հրավերները, ինքն էլ օգտվել է առիթից ու ընտանեկան այց կազմակերպել։
ԱՄՆ–ում բնակություն հաստատած երգիչն ասում է, որ շատ է կարոտում Հայաստանը։ «Մենք ապրում ենք ԱՄՆ–ում, սակայն Հայաստանի հոգսերով և առօրյայով,– ասաց նա ու հավելեց, որ Հայաստան այցը լավ առիթ էր կարոտը մեղմելու համար»։
Նորոն նշեց, որ ինքն ու կինը կարոտել էին Երևանի սիրելի անկյունները։ Զույգը գնացել է Կոնսերվատորիայի հարակից այգի, որտեղ տարիներ առաջ ծանոթացել են։ «Այստեղ ամեն ինչն եմ կարոտում։ Այնքան էինք կարոտել, որ կնոջս հետ նկարվեցինք Կոնսերվատորիայի այգու մոտ։ Երբեք չէի պատկերացնում, որ այդպիսի զգացողություններ կունենամ։ Ես ինձ այստեղ ավելի ուժեղ եմ զգում։ ԱՄՆ–ում էլ եմ լավ, արդեն ԱՄՆ քաղաքացի եմ, սակայն այստեղ այլ էներգիա եմ ստանում` սա իմ հողն է, ես այստեղ եմ ծնվել։ Երբ ինքնաթիռում հնչում է` դուք Հայաստանում եք արտահայտությունը, բոլորովին այլ զգացողություններ ես ունենում»,– ասաց երգիչը։
Երգիչը Հայաստան է եկել ընկերոջ` Արմենչիկի հետ, այստեղ հանդիպել է մյուս ընկերներին։ Նորոն նշում է, որ շոու բիզնեսում շատ ընկերներ ունի` Ռիչարդ Մադլենյանը, Սարոն, Արման Հովհաննիսյանը, Անդոն, Ռաֆոն, Հայկ Մարությանը և այլք։ «Այս օրերին հանդիպել եմ ընկերներիս, մինչև ուշ գիշեր հանդիպումներ ենք ունենում, չեմ հասցնում տուն գնալ։ Երբ իրենք են գալիս ԱՄՆ, ես եմ իրենց նույն կերպ դիմավորում։ Բոլորն իմ ընկերներն են, բոլորին շատ եմ սիրում»,– ասաց երգիչը։
Նորոն այստեղ նաև որոշ գործեր ուներ, քանի որ նախատեսում է մենահամերգ ունենալ Երևանում։ «Հաջորդ տարվա հոկտեմբերին մենահամերգ կունենամ ԱՄՆ Կոդակ համերգասրահում։ Շատ եմ ուզում նույն ծրագրով ներկայանալ նաև Երևանում։ Դեռևս չգիտեմ, թե որ համերգասրահում ելույթ կունենամ։ Այժմ բանակցությունների փուլում ենք»,– հայտնեց երգիչը։
Աղբյուրը՝ 168.am