«Ազիզյաններ» սիթքոմի անձնակազմն արդեն սկսել է երրորդ եթերաշրջանի նկարահանումները: Սիթքոմի դերասանուհի Մարի Պետրոսյանը Life.panorama.am-ին պատմել է նոր զարգացումների մասին եւ նկարահանումների ընթացքից լուսանկարներ է տրամադրել:
«Դեռեւս մեկ նկարահանման օր ենք ունեցել, որն անցավ շատ լավ, ուրախ ու կարոտած մթնոլորտում: Արդեն երկար ժամանակ էր` մոտ 5-6 ամիս չէինք հանդիպել նկարահանման հրապարակում, բոլորս էլ կարոտել էինք «Ազիզյանների» ընտանիքին, ուստի հիմա մեր նկարահանումները ասես տոնի են վերածվում: Այժմ բոլորս մեր ուժերը կենտրոնացրել ենք մեր սիրելի սիթքոմի վրա»,- նշեց Մարին` հավելելով.
««Ազիզյանները» դիտողներին կրկնապատկված ու եռապատկված հումորային դրվագներ են սպասվում: Սիրված ընտանիքը հայտնվելու է բոլորովին նոր, էլ ավելի զվարճալի ու հետաքրքիր իրադարձությունների կենտրոնում: Որքանով ես եմ տեղյակ, դեռեւս նոր դերասանների մուտք չի սպասվում. լինելու ենք հիմնական կազմով, անցյալ եթերաշրջանից հայտնի Վիլենի կերպարն էլ կրկին ներկա կլինի»:
Ինչպես հայտնի է, «Ազիզյանները» ցուցադրվում է «Արմենիա Պրեմիումի» եթերում, սակայն սիթքոմի առաջին եթերաշրջանը կցուցադրվի նաեւ «Արմենիա» հեռուստաընկորության աշնանային եթերաշրջանում:
«Ուրախ եմ, որ մեզ ավելի շատ մարդիկ կարող են դիտել, քանի որ «Ազիզյանները» կցուցադրվի նաեւ «Արմենիա TV»-ով: Այս ընթացքում մեր «կարգին» թիմի համար եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. Նկարահանվեց «Սուպեր մամա 2»-ը, որի պրեմիերան երեկ կայացավ: Ինքս չեմ նկարահանվել այս ֆիլմում, բայց ներկա եմ եղել նկարահնումներին եւ անչափ ուրախ եմ իմ թիմի յուրաքանչյուր հաջողության համար: Վստահ եմ` այս ֆիլմը դառնալու է մարդկանց սիրելին»,- հավելեց նա:
Մարի Պետրոսյանը նշեց, որ այս ընթացքում այլ հեռուստաընկերություններից տարբեր առաջարկներ է ստացել, բայց դրանք մերժել է.
«Բնավորությունս այնպիսինն է, որ սիրում եմ անել մեկ բան, բայց շատ լավ անել: Իհարկե, ընդունում եմ, որ կարելի է երկար աշխատել ու համատեղել, բայց եղած առաջարկներն իմ սրտով չեն եղել, ուստի չեմ էլ մտածել համատեղելու մասին»,- ընդգծեց նա:
Հետաքրքրվելով, թե ազատ ժամանակ Մարին ինչո՞վ է զբաղվում, պատասխանեց.
«Արդեն երկար ժամանակ է, ինչ մարզասրահ եմ հաճախում, ի դեպ, որքան շատ եմ այնտեղ ժամանակ անցկացնում, այնքան ինձ առողջ ու լավ եմ զգում: Զուգահեռաբար հաճախում եմ նկարչական դասընթացների: Ժամանակին գնացել եմ նաեւ կարի դասընթացների եւ հիմա փորձում եմ այդ ասպարեզում եւս ինձ փորձել: Ճիշտ է` դեռեւս միայն իմ եւ քույրերիս համար եմ հագուստներ ստեղծում, սակայն ապագայում, եթե լավ տիրապետեմ գաղտնիքներին, հնարավոր է, որ որպես դիզայներ ինձ փորձեմ: Տեսնենք, թե ինչպես կստացվի, ամեն դեպքում իմ մտքերում դա պլանավորում եմ»:
Աղբյուրը՝ Life.panorama.am