Budetezdoroy.ru-ն գրում է, որ տապակած, մշակման ենթարկված մթերքը, ինչպես նաև շաքարը լուրջ բացասական ազդեցություն են թողնում առողջության վրա։ Շատերը, ցավոք, անտեսում են ոչ միայն առողջ սնվելու կանոնները, այլև նշանները, որոնք վկայում են այն մասին, որ օրգանիզմը դետոքսիկացիայի կարիք ունի։
Այս նշանները կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով.
- Մշտական հոգնածություն։ Սա կարող է նաև հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։
- Ավելորդ քաշ։ Եթե նվազեցրել եք օգտագործվող կալորիաների քանակը, ֆիզիկական ակտիվություն եք ցուցաբերում, բայց չեք կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, հնարավոր է՝ օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով։
- Տհաճ հոտ բերանից։
- Փորկապություն։ Սա կարող է նաև մշտական գլխացավերի ու հոգնածության պատճառ դառնալ։
- Ցավ մկաններում և հոդերում։
- Խնդիրներ մաշկի հետ՝ բորբոքում, ակնե, ցան և այլն։
Կայքն առաջարկել է 3 օրում օրգանիզմը մաքրելու ծրագիր։ Խորհուրդ է տրվում ծրագիրը սկսելուց առաջ հրաժարվել կաթնամթերքի օգտագործումից. դրանք դժվարամարս են։
Առաջին օրն առավոտյան մեկ բաժակ տաք ջուր խմեք՝ ավելացնելով կիտրոնի 2-3 կաթիլ հյութ։ Կիտրոնով ջուրը կարող է խթանել օրգանիզմի մաքրումը։
Նախաճաշին խորհուրդ է տրվում թեթև սնունդ օգտագործել, 1 ժամ անց խմել 1.5 բաժակ տաք ջուր, որին կարող եք ավելացնել նաև արքայախնձորի կամ թուրինջի հյութ։ Սրանք մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք մաքրում են աղիները։
Ճաշելուց 1 ժամ առաջ խորհուրդ է տրվում գազարի հյութ խմել, որին հարկավոր է կես բաժակ ջուր ավելացնել։ Հազարը բետա-կարոտին է պարունակում, որն անհրաժեշտ է օրգանիզմի մի շարք գործառույթների համար։
Գազարից, նեխուրից, մաղադանոսից ու սպանախից հյութ պատրաստեք. այն մեծ քանակով կալիում է պարունակում, որն օգնում է օրգանիզմի դետոքսիկացիային։ Ընթրելուց 2 ժամ անց կաղամբից, բանջարեղենից ու խնձորից պատրաստված հյութ խմեք։
Քնելուց 1 ժամ առաջ խորհուրդ է տրվում լոռամրգի հյութ խմել։ Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են սպանել բակտերիաներին ու մաքրել արյունը։
Կրկնեք սա հաջորդ երկու օրերի ընթացքում։