Շողեր Թովմասյանը նորություններ ունի, որոնց մասին էլ պատմել է BRAVO.am-ին: Նախ նա տեղեկացրել է, որ ներգրավված է 24 մասանոց «Վերջին գործարք» ֆիլմում. «Սերիալում հանդես եմ գալիս քննիչ մայորի դերում: Խիստ կնոջ կերպար է, բայց նաեւ հումորային խաղիկներ ունի: Չեմ կարող ասել՝ նման է ինձ, համընկնումներ կան, բայց հիմնականում տարբեր ենք»:
Նախագծի ռեժիսորն ու սցենարիստը Դավիթ Զոհրաբյանն է: Դերասանուհու խաղընկերներն են Տիգրան Մնացականյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Մովսես Երեմյանը, Օլյա Հակոբյանը, Եվա Զոհրաբյանը, Անդրանիկ Զաքարյանը եւ այլք:
«Ցանկացած առաջարկ նախ ինքս իմ մեջ եմ քննարկում՝ հասկանալու համար՝ որքանով է այն ինձ հոգեհարազատ: Վերլուծում եմ՝ իմ ֆանտազիայով ինչեր կկարողանամ անել: Բացասական, թե դրական է դերը, կապ չունի, կարեւորը՝ որակով լինի ու ինձ հարմարավետ զգամ: Նաեւ Գրիշայի կարծիքն եմ լսում, որից հետո որոշում ենք»,-նշել է Շողերը:
Դերասանուհին վերջին շրջանում ներկայանում է նաեւ որպես հանդիսավար՝ տարբեր հայտնիների հետ հարսանեկան խնջույքներ, կնունքներ, ծնունդներ եւ այլ միջոցառումներ է վարում:
Աղբյուրը՝ Bravo.am