Հումորիստ Վաչե Թովմասյանի կինը` Գայանե Մանուկյանը, այսուհետ կներկայացնի «Just Black» իր հեղինակային բրենդը: Գայանեն իր բրենդով հայկական նորաձեւության մեջ նոր ուղղություն կբերի, քանի որ ապրանքանիշի անունն արդեն հուշում է, որ այստեղ մուտքը միայն սեւով է:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանե Մանուկյանը պատմեց «Just Black»-ի ստեղծման ու նպատակների մասին:
«Այս գաղափարը վաղուց ունեի, մոտ 7 տարի առաջ, սակայն այնպես ստացվեց, որ այն կյանքի կոչվեց միայն վերջերս: Սեւ գույնը մշտապես ինձ ոգեշնչել է, այն ինձ համար գույների ամենահետաքրքիր միքսն է, քանի որ ինչպես հայտնի է, բնության մեջ սեւ գույն չկա, այն բոլոր գույների միախառնումն է: Այս փաստը դեռ գեղանկարչությունից էր ինձ գրավել, նաեւ ցանկացել եմ կոտրել մեզանում տարածված կարծրատիպը, թե հայերը սեւ են հագնում, քանի որ տեսակով մռայլ են: Ինքս փորձել եմ սեւն ավելի դրական կողմից ներկայացնել, ու չեմ բացառում, որ մի օր այն կարող է դառնակ ազգային ոճային բրենդ: Այս բրենդը ստեղծելիս ոգեշնչվել եմ նաեւ հայի ազատատենչ ու պայքարող ոգուց, որի փոքրիկ հաղորդագրությունները իմ հավաքածույում արտահայտվում են պատրոնդաշի տեսքով: Եվ, վերջապես, Ավրորա նախագիծն է ինձ շատ ոգեշնչեց որպես հայի ոգու վերածնունդի նոր սկիզբ: Կարծում եմ` Ավրորա նախագծի գոյությունը հայերիս կյանքում կարող է շրջադարձային լինել, այն նոր սկիզբ է մեզ համար: Հենց այդ նախագծին է նվիրված մեր հավաքածուի միակ սպիտակ զգեստը, որը չի լինի վաճառքում, այն աճուրդի պետք է հանվի, որի հասույթը բարեգործական նպատակի կծառայի»,- պատմեց Գայանեն:
«Just Black»-ում ներառված են սեւի բոլոր երանգները.
 
«Մեզ մոտ կլինեն կապույտ, կանաչ, կարմիր եւ դեղին երանգի սեւ հագուստներ ու պարագաներ, մենք փորձել ենք այդ երանգները համատեղել սեւի հետ, որպեսզի հաճախորդները եւս կարողանան ճիշտ համադրություններ կատարել: Այսինքն` մեր նպատակն էր ցույց տալ, որ սեւը կարելի է համադրել մյուս գույների հետ, այն գոյություն ունեցող գույների խտացումն է ու պարզապես ճիշտ ներկայացնել է պետք: Իհարկե, նպատակնեից գլխավորն էր նաեւ այն, որ կոտրեինք նշածս կարծրատիպը. մենք ուզում ենք սեւը պոզիտիվի մեջ ներկայացնել: Ի վերջո, բոլորս էլ սեւի մեջ մեզ ազատ ենք զգում, այն դասական երանգ է, որը տեղին է միշտ ու ամենուր: Սեւը ազդեցիկ է ու նախատեսված է բոլոր հոգեկերտվածքների համար: Սեւը աբսոլյուտ է, եւ անգամ մեր տարբերանշանը` սեւ կետիկը, հենց այս աբսոլյուտի նշանն է, որի մեջ ամեն ինչ է ներառվում»,- հավելեց նա:
 
«Just Black»-ը դեռեւս հասանելի կլինի միայն օնլայն հարթակում, ընդ որում հնարավոր կլինի առաքել նաեւ արտերկիր, սակայն Գայանե Մանուկյանը հայտնեց, որ ծրագրում են խանութ-սրահներ բացել Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում: «Just Black»-ը չի ունենա սեզոնային հագուստ, փոխարենը տարին մեկ անգամ կներկայացվի տարվա հավաքածու` տարվա ոգեշնչմամբ:
«Just Black»-ը հայկական նորաձեւության մեջ մրցակցային դաշտ է մտնում, այս առումով եւս Գայանեն ունի հստակ դիրքորոշում.
«Անշուշտ, խելամիտ չէր լինի, եթե չփորձեինք ստեղծել մրցունակ արտադրանք: Ոլորտը գերհագեցած է, սակայն միշտ ազատ տեղ կա, որը կարելի է զբաղեցնել: Մենք մրցունակ կլինենք ոչ միայն սեւի հատկություններով, այլեւ գնային քաղաքականությամբ: Բրենդը հասանելի կլինի գրեթե բոլորին, հնարավոր կլինի մատչելի գներով ձեռք բերել հագուստ, աքսեսուարներ եւ ինտերիերի պարագաներ: Այսինքն` մեր ապրանաքանիշ սիրելի կարող է դառնալ բոլորի համար»,- ավարտեց բրենդի հիմնադիրը:
 


Աղբյուրը՝ panorama.am

loading...