Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սյուզանա Մելքոնյանը, ով սեպտեմբերին կայացած «Նոր ալիք» միջազգային մրցույթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
- Սյուզանա, «Նոր ալիք» մրցույթից արդեն երկու շաբաթ է անցել, բայց շատերս շարունակում ենք տպավորված մնալ մեր արդյունքներով: Ի՞նչ զացողություններ ունեք հիմա, երբ ամեն ինչ կարող եք ամփոփել ավելի սառը դատողությամբ:
- Անկեղծորեն կխոստովանեմ, որ դեռեւս չեմ հանգստացել, քանի որ շատ հյուրեր ունեի, ինձ այցելում էին ընկերներս, բարեկամներս, էլ չասեմ, որ մասնակցում էի տարբեր հաղորդումների եւ հարցազրույցների: Այսինքն` ստացվեց այնպես, որ մրցույթից հետո էլ օրերս շարունակում են հագեցած մնալ: Պետք է խոստովանեմ, որ իսկապես հանգստի կարիք ունեմ, բայց հավատում եմ, որ այն, ինչ պետք է լինի, կլինի իր ժամանակին: Այն, ինչ կատարվեց մի գեղեցիկ ակնթարթ էր, որը եկավ ու անցավ, որից հետո պետք է առաջ շարժվել ու շարունակել աշխատել: Այս մրցույթում յուրաքանչյուր մասնակից ունեցավ իր գեղեցիկ ճակատագիրը, ամեն բան կատարվեց ճիշտ այնպես, ինչպես կանխորոշված էր ի վերուստ: Հիմա շարունակում եմ տպավորված լինել մրցույթում ունեցածս օրերով ու վայելել հաղթանակս:
- «Նոր ալիք»-ը հեղինակավոր է իր կազմակերպիչներով, ռուսական շոու բիզնեսի ամենավառ դեմքերով, որոնք ժուրիի կազմում են: Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե դեռ կապացուցեք Միլաձեին, որ 11-ի արժանի մասնակից եք: Այդ առումով հիասթափություն ունե՞ք, նաեւ հետաքրքիր է, թե ի՞նչ փուլում են Ձեր քայլերն այդ իմաստով:
- Բնականաբար, մեծ պատիվ է լինել նման պատմություն ունեցող մրցույթում, հայտնվել այդ բեմում եւ ետնաբեմում շփվել ռուսական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչների հետ: Այո, Միլաձեի հետ կապված նման բան ասել եմ, բայց խոստումս կկատարեմ գործով, իսկ առաջիկայում շատ աշխատանքներ ունեմ անելու, որոնք Աստծո կամոք կհասցնեմ իրենց ճիշտ կետերին: Ինչպես ասում են` կյանքը բումերանգ է, մենք նույն հարթակում ենք, ու վստահ եմ, որ մի օր Միլաձեի հետ մենք կրկին կհանդիպենք եւ այդ անգամ նա կտեսնի, որ մրցութային երեք օրերից գոնե մեկում ինձ 11-ի պետք է արժանացներ, քանի որ նրան պրոֆեսիոնալ մարդ եմ համարում: Հիասթափություն բացարձակ չունեմ, ես մրցույթներին սովոր մարդ եմ, եւ եթե, որեւէ մրցույթում ես հիասթափություն ունենայի, հաստատ չէի շարունակի: Փառք Աստծո, նա ինձ հետ է ամեն պահի:
- Նման մրցույթները սովարաբար նոր դռները են բացում մասնակիցների առաջ. Հրավերներ ատացե՞լ եք «Նոր ալիքից» հետո:
- Անշուշտ, ստացել եմ, բայց առաջարկները կարող են շատ լինել, սակայն ոչ քեզ համապատասխան: Մի քանիսից արդեն հրաժարվել եմ, որոշների մասին մտածում եմ, բայց երկու առաջարկ ընդունել եմ, որի շուրջ կաշխատենք մինչեւ գարուն, որից հետո նոր կներկայանանք հանդիսատեսին: Բնականաբար, այս մրցույթում ամենակարեւորը հետագա առաջարկները չէին, ինձ համար գլխավորը այն դպրոցն էր, որ անցա ու հետագայում կծառայեցնեմ իմ գործունեությանը:
- Սյուզանա, դուք ու Էռնան հայրենակիցներ եք ու հաստատ ուրախ կլինեիք միմյանց համար, բայց դա մրցույթ էր, որտեղ երկուսդ էլ պայքարում էիք հաղթանակի համար: Փաստացի ստացվեց, որ դուք մրցում էիք իրար դեմ. այս առումով դժվարություններ կայի՞ն, ինչպե՞ս էիք հաղթահարում այդ բարդ իրավիճակը:
- Մենք ունեինք տարրական հրագանք ու կուլտուրա միմյանց նկատմամբ: Երկուսս էլ զբաղված էինք մեր գործով, որպեսզի բեմում մեզ տրված երեք րոպեների ընթացքում կարողանայինք մեր ասելիքը տեղ հասցնել:
- Հիմա ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
- Առաջիկայում կփորձեմ մի փոքր հանգստանալ, որից հետո կանցնեմ նոր երգիս ձայնագրությանը, եւ Աստծո կամոք կաշխատեմ մինչ Ամանոր նոր տեսահոլովակ ներկայացնել:
Աղբյուրը՝ panorama.am