Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ երաժիշտ Կարեն Մամիկոնյանի ընտանիքում հոկտեմբերի 7-ը տոնական ամսաթիվ է: Երկու տարի առաջ այս օրը ծնվեց նրանց դուստրը` փոքրիկ Մայան, որից հետո նրանց համար կյանքն ավելի լուսավոր ու գունեղ դարձավ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անուշիկը պատմեց, որ չնայած փոքրիկ Մայան այնքան էլ խորը չի գիտակցում, որ իր տարեդարձն է, բայց ծնողները ամեն ինչ անում են օրը տոնական դարձնելու համար.
«Իհարկե, Մայան դեռ շատ փոքրիկ է, որպեսզի հասկանա օրվա կարեւորությունը, սակայն առավոտից սկսած մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նա ուրախ լինի: Առավոտյան հենց նա աչքերը բաց արեց, մենք փոքրիկ հրավառություններով գնացինք իր մոտ, որից նա անակնկալի եկավ ու շատ ուրախացավ: Այսօր, որպես այդպսիսին, խնջույք չենք կազմակերպել, քանի որ Մայայի հայրիկն ու պապիկը քաղաքում չեն, սակայն առավոտից փորձում եմ անել այն ամենը, ինչ նա սիրում է. անվերջ խաղասրահներ, կառուսելներ ու մանկական հրապարակներ` այսօր այդպես կանցնի մեր տոնական օրը»,- պատմեց Անուշիկը:
Խոսելով իր զգացողությունների մասին` երջանիկ մայրիկը նշեց.
«Արդեն երկու տարի է, ինչ մենք անսահման երջանիկ ենք: Այս երկու տարվա ընթացքում ես ու ամուսինս մեր յուրաքանչյուր քայլն անում ենք` հաշվի առնելով մեր աղջկան: Ծնող դառնալուց հետո փոխվում է կյանքիդ ռիթմը: Մայան իր տեսակով այնքան լուսավոր ու պայծառ է, որ մեր ամեն օրը տոն է դարձնում: Մամա դառնալուց հետո չափազանց անհանգիստ եմ դարձել, մեծ պատասխանատվություն եմ զգում ինչպես ընտանիքիս, այնպես էլ ինքս ինձ համար: Զգոն եմ յուրաքանչյուր իրավիճակում»:
Անդրադառնալով փոքրիկ Մայային` Անուշիկը ժպիտով նկատեց.
«Մայան շատ վաղուց է խոսում, ինչը շատ զարմացրեց ինչպես մեզ, այնպես էլ մեր մտերիմներին: Նա վարժ, մեծի նման խոսում է, անգամ, երբ ինչ-որ բառ ասում է փոքր-ինչ փոփոխությամբ, զարմանում ենք: Աղջիկս ֆանտաստիկ երաժշտական փոքրիկ է, շատ ճիշտ է երգում, ինչն ինձ անչափ ուրախացնում է: Նա չափազանց աշխույժ է, սիրում է անըդհատ շարժվել, չի սիրում բանջարեղենով ճաշիկներ, նաեւ շատ պահանջներ ունի ու փորձում է մեզ ենթարկացնել դրանց: Օրինակ` ունի սիրելի հագուստներ ու կոշիկներ եւ շատ հաճախ պնդում է, որ հենց դրանք իրեն հագցնենք: Նա շատ գեղեցիկ անձրեւային կոշիկներ ունի, որը պարզապես չենք կարողանում ոտքերից հանել»:
Ի դեպ` Անուշիկը մեզ տրամադրեց նաեւ Մայայի 2-ամյակին նվիրված ֆոտոշարքը, սակայն նշեց, որ աղջիկն ավելի շատ սիրում է անձամբ լուսանկարել, քան նկարվել:
«Լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանն իմ մտերիմ ընկերն է, մենք այնքան մոտ ենք, որ համարում եմ, թե Ռոբերտը Մայայի քեռին է: Հաճախ եմ ֆոտոշարքեր կազմակերպում, քանի որ Ռոբի հետ մոտ ենք ապրում: Դե իսկ նրա հետ կապված տոն օրերը ես պարտռադիր ուզում եմ ֆիքսել, չէ որ լուսանկարները հետո հաճելի հիշողությունների վկա են դառնում»,- ավարտեց երգչուհին:
Աղբյուրը՝ panorama.am