Երեխաների կամակորությունները կարող են սաստիկ զայրացնել ծնողներին, սակայն նման դեպքերում հարկավոր է շատ համբերատար լինել և ճիշտ քայլեր ձեռնարկել:

 

Բնավորության գիծ

 

Առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ կամակորությունը, որպես բնավորության գիծ, միանգամից ի հայտ չի գալիս, իսկ ծնողների արձագանքը երեխայի պահվածքին կարող է էլ ավելի նպաստել նման բնավորության ձևավորմանը: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման հիշել, թե երբ է երեխան սկսել նման պահվածք ցուցաբերել:

 

Հաճախ առաջին կամակորությունները ծնողները նկատում են, երբ երեխան 2-3 տարեկան է լինում: Սովորաբար այդ տարիքում երեխան մերժումով է պատասխանում բոլոր առաջարկներին: Հաճախ ծնողներին թվում է, որ նման պահվածքն անտրամաբանական է, սակայն դա բնավ այդպես չէ: Պարզապես երեխան մեծանում է և ցանկանում է հասկանալ իր կարողությունների սահմաններն ու ինքնուրույն որոշումներ կայացնել:

 

Այս դեպքում ծնողները պետք է ընդառաջեն փոքրիկին, փորձեն խորհրդակցել նրա հետ, իսկ անհրաժեշտության դեպքում խորամանկորեն հուշեն ճիշտ որոշումը: Բացի այդ, երբեմն հարկավոր է թույլ տալ, որ երեխան սխալներ գործի: Օրինակ՝ եթե նա ուզում է անձրևոտ եղանակին ոչ համապատասխան կոշիկ հագնել, ապա հարկավոր է թույլ տալ: Այդ կերպ նա մեկընդմիշտ կհասկանա, որ հագուստն ու կոշիկը պետք է ընտրել եղանակին համապատասխան: Եթե երեխան չի ցանկանում քնել, ապա պետք չէ ստիպել: Հարկավոր է պարզապես պառկել քնելու և անջատել լույսը՝ բացատրելով, որ մայրիկը հոգնել է և ցանկանում է քնել:

 

Թույլատրելիի սահմանները

 

Երեխան ոչ մի դեպքում չպետք է մտածի, որ կարող է անել ամեն ինչ: Հարկավոր է սահմանել որոշակի կանոններ ու սահմանափակումներ և անպայման հետևել դրանց: Ընդ որում՝ դրանք կարող են լինել մանրուքներ (օրինակ՝ թեթև գործեր, չնչին օգնություն և այլն), սակայն այդ հարցերում ոչ մի դեպքում չի կարելի ընդառաջել փոքրիկին: Նա պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ թույլատրելի է և սխալի դեպքում կարող է պատժվել: Այդ դեպքում ընդամենը 1-2 փորձից հետո նա կդադարի կամակորություններ անել այդ պարագայում:

 

Հարկավոր է հստակ որոշել՝ որոնք են ծնողների պարտականությունները, իսկ որոնք կարելի է վստահել երեխային: Երեխան կարող է արդեն ինքնուրույն որոշումներ կանյացնել իր հագուստին, խաղերին, ազատ ժամանակին ու զբոսանքին վերաբերող շատ հարցերում, մինչդեռ սննդի, անվտանգության ու հասարակական վայրերում երեխայի դրսևորած պահվածքի հարցերում հետևողական պետք է լինեն ծնողները: Սակայն հարկ է հիշել, որ որևէ բան արգելելիս հարկավոր է բացատրել արգելքի պատճառն այնպես, որ երեխան հստակ գիտակցի, թե ինչու է դա արգելված:  

 

Մի փոքր ավելի մեծ տարիքում կամակորություններն այլ բնույթ են ստանում: Երբեմն այդ կերպ երեխաները փորձում են ծնողների ուշադրությունը գրավել: Այս դեպքում պետք չէ իրավիճակն էլ ավելի սրել: Երեխան պետք է իրեն սիրված ու կարևոր զգա, ուստի կամակորությանն դեպքում պարզապես անհրաժեշտ է շոյել նրա գլուխը, ժպտալ և կատակել: Մեծ մասամբ նման պահվածքն օգնում է դուրս գալ դժվար իրավիճակից:

 

Եթե երեխան իրեն գնահատված ու հարգված չի զգում, ապա նրա կամակորությունները կարող են պայմանավորված լինել իր լավը լինելն ապացուցելու ցանկությամբ, ուստի հարկավոր է հաճախ գովեստի խոսքեր ասել երեխաներին ուրիշների ներկայությամբ, ուշադիր լինել և անպայման նկատել նրա փոքրիկ հաղթանակները: Հարկ է հիշել, որ կամակորությունը մեղք չէ, այլ պարզապես սեփական կարիքներն ու անհրաժեշտություններն արտահայտելու միջոց:


Աղբյուրը՝ tert.am

loading...