Շաքարային դիաբետի առաջին ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, սակայն կա մի քանի ընդհանուր ախտանշան, որոնց առկայության դեպքում խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել և ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

 

1.      Հաճախակի միզելու ցանկություն

 

Հաճախակի միզելու ցանկության պատճառներից մեկը կարող է լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը: Երիկամներն արյունը մաքրող կարևորագույն օրգաններից են, սակայն երբ օրգանիզմում խանգարված է ինսուլինի արտադրությունը, երիկամները չեն հասցնում զտել արյունն ու մաքրել շաքարից: Այս դեպքում երիկամների ծանրաբեռնվածությունը մեծանում է և դրանք փորձում են հավելյալ հեղուկ ստանալ արյունից՝ կուտակված շաքարը լուծելու համար: Աս ամենի հետևանքով միզապարկն ավելի արագ է լցվում և ավելի հաճախ է առաջանում միզելու ցանկություն:

 

2.      Մշտական ծարավի զգացողություն

 

Եթե օրգանիզմը հավելյալ հեղուկ է ստանում արյունից և մարդը հաճախ է միզում, ապա շատ շուտով առաջանում է օրգանիզմի ջրազրկում: Սա է պատճառը, որ մարդը սկսում է շատ ջուր խմել՝ օրգանիզմում հեղուկի պակասը լրացնելու համար:

 

3.      Կտրուկ և անբացատրելի քաշի կորուստ

 

Այս ախտանշանը հատուկ է 1-ին տիպի շաքարային դիաբետի, որի ժամանակ ենթաստամոքսային գեղձը չի կարողանում ինսուլին արտադրել և օրգանիզմին հարկավոր է լինում էներգիայի նոր աղբյուր՝ բջիջները շաքարով ապահովելու համար: Այս դեպքում ի հայտ են գալիս մկանային ու ճարպային հյուսվածքների խանգարումներ, քանի որ օրգանիզը որպես էներգիայի աղբյուր դրանք է օգտագործում: 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում քաշի կորուստն այդքան ակնհայտ չի լինում:

 

4.      Թուլություն ու հոգնածության զգացում

 

Այս ախտանշանների պատճառն արյան մեջ պարունակվող շաքարն է: Սովորաբար սննդի մեջ պարունակվող շաքարն անցնում է արյան մեջ, որտեղ ինսուլին օգնությամբ յուրացվում է օրգանիզմի բջիջների կողմից: Այդ շաքարն օգտագործվում է կենսական էներգիա ստանալու համար, սակայն շաքարային դիաբետի դեպքում շաքարը մնում է արյան մեջ և առաջանում է «էներգետիկ քաղց», ինչն էլ դառնում է հոգնածության, ինչպես նաև ինքնազգացողության և աշխատունակության վատացման պատճառ:

 

5.      Վերջույթների թմրածություն և ծակծկոց

 

Նման վիճակը բժիշկներն անվանում են նևրոպաթիա: Եթե արյան մեջ շաքարի մակարդակը մշտապես բարձր է լինում, այն քայքայում է նյարդային համակարգը: Ընդ որում՝ ամենից շատ տուժում են վերջույթների նյարդային վերջավորությունները: 2-րդ տիպի շաքարային դիաբետը զարգանում է աստիճանաբար և հաճախ հիվանդները երկար ժամանակ անգամ գլխի չեն ընկնում խնդրի առկայության մասին, մինչդեռ այն վաղուց արդեն քայքայում է նյարդային վերջավորությունները:

Բացի նշված ախտանշաններից, շաքարային դիաբետից տառապողների մոտ հաճախ նկատվում է նաև.

·        բերանի խոռոչի չորություն,

·        մաշկային քոր (երբեմն արտաքին սեռական օրգանների հատվածում),

·        թարախային հիվանդություններ,

·        տեսողության խանգարումներ,

·        քնի խանգարումներ:

Եթե մարդու մոտ նկատվում են նշված ախտանշաններից գոնե երեքը, ապա հարկավոր է շտապ դիմել ներզատաբանին: Հարկ է հիշել, որ շաքարային դիաբետի դեպքում առաջնայինն ու ամենակարևորը հիվանդությունը վերահսկելն է: Որքան շուտ հիվանդը սկսի վերահսկողության տակ պահել հիվանդությունը, այնքան շատ խնդիրներից հետագայում կկարողանա խուսափել:


Աղբյուրը՝ tert.am

loading...