Երգչուհի Սյուզան Մարգարյանը երեկ տոնել է 56–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց տարեդարձը չնշելու պատճառի, ամուսնու անակնկալի և դստեր ու նրա ընտանիքի գեղեցիկ շնորհավորանքի մասին։
56 թվից տկն Սյուզանը չի վախենում, ավելին, չի էլ զգում, որ դա իր տարիքն է։ «Այդ թիվը, կարծես, ուրիշինը լինի, ես չեմ պատկերացնում, որ այդ տարիքում եմ։ Եթե այս պահին լսեմ` մեկը 56 տարեկան է, կասեմ` վայ ինչ մեծ է։ Ինձ վրա չեմ վերցնում այդ տարիքը, միգուցե, գործունյա ու աշխույժ եմ, դա է պատճառը։ Մեծանալուց առայժմ չեմ վախենում»,– ասաց նա։
Չթերագնահատելով աշխատանքային հաջողությունների դերն իր կյանքում, տկն Սյուզանն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքը։ «Հաջորդ տարի կլինի 40 տարի, ինչ ես բեմում եմ։ Երիտասարդ և ոչ երիտասարդ տարիքում աշխատել եմ չափազանց շատ։ Երբևէ չէի պատկերացնի, որ հնարավոր է` ինչ-որ ժամանակահատված գա, մասնագիտական զբաղվածությունս քիչ լինի։ Շատ կարևորելով մասնագիտական գործունեությունս և բեմը իմ կյանքում` միևնույն է, իմ ձեռքբերումը համարում եմ ընտանիքս։ Իմ դստեր, ամուսնու հաջողություններն ինձ համար շատ կարևոր են։ Ես ապրում եմ իրենցով և իմ թոռնիկներով, այնպես որ, այսօր կյանքս լի է իրենցով, այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Ես երջանիկ կին եմ»,– ասաց նա։
56-ամյակի առթիվ տկն Սյուզանը հավաքույթ չի կազմակերպել։ Պատճառը դստեր և նրա ընտանիքի բացակայությունն է Հայաստանից։ «Զավակներս այստեղ չէին, մի քանի օրից կգան, կհավաքվենք։ Առանց իրենց ինձ որևէ բան հետաքրքիր չէ։ Մեր տանը սովոր ենք հավաքույթների։ Այդ առիթով, թե ոչ, երբ վերադառնան, անպայման հավաքվելու ենք»,– ասաց երգչուհին։
Տկն Սյուզանի համար բարդ է, երբ նման օրերին դուստրն ու նրա ընտանիքն իր կողքին չեն լինում, միաժամանակ, Սիրուշոյի կյանքի ռիթմը դա բացառել թույլ չի տալիս։ «Նա շատ–շատ է լինում այս տեմպի մեջ։ Ե՛վ սովորել եմ, և՛ դրան սովորելը դժվար է։ Ամեն դեպքում, հասկանում եմ, որ ինքս էլ եմ ապրել այդ կյանքով, լսել այդ նախադասությունը` կարոտում ենք քեզ։ Մեզ մոտ անընդհատ այդ վիճակն է, Սիրուշոյին ասում ենք` կարոտում ենք քեզ, հիմա արդեն` ձեզ։ Սակայն դա է կյանքը, քանի երիտասարդ է, պետք է լինի իր եռուզեռի մեջ։ Ես էլ, ամուսինս էլ մեր ամբողջ կյանքն այդպես ենք անցկացրել։ Շատ հաճախ լինում է նաև, որ միասին ենք շրջագայում։ Սա է մեր առօրյան»,– նկատեց երգչուհին։
Անդրադառնալով ծննդյան օրվա շնորհավորանքներին` նա ասաց, որ առաջինն իրեն անակնկալի է բերել ամուսինը` դերասան Հրաչյա Հարությունյանը։ «Ուղիղ կեսգիշերին ամուսինս ինձ մեծ անակնկալ մատուցեց` նվերներ էր պատրաստել ու այնպես թաքցրել, որ, անգամ, չէի կարող պատկերացնել, թե որտեղ է պահել։ Ուղիղ կեսգիշերին շնորհավորեց ու տվեց նվերները։ Շատ հուզիչ և հաճելի պահ էր, հետո սկսեցին զանգերը։ Առաջինը զանգահարեցին աղջիկս, փեսաս, հետո վիդեո ուղարկեցին, որում թոռնիկներս ինձ շնորհավորում էին։ Դրանից քաղցր, տաք բան աշխարհում գոյություն չունի։ Նրանք այնպիսի անակնկալներ են անում... Սիրուշոն էլ, փեսաս էլ, արդեն իրենց զավակներն էլ, անակնկալների վարպետներ են»,– նշեց տկն Սյուզանը։
Հրաչյա Հարությունյանի տարեդարձը ավագ թոռնիկը` Ռոբերտը, երգելով էր շնորհավորել, տատիկին նվիրված տեսանյութում փոքրիկը խոսքով է շնորհավորել։ «Մեծ տղան խոսքով շնորհավորեց, փոքրիկը դեռ չի խոսում,սակայն կարողանում է ժեստեր անել։ Համենայն դեպս, համբույրն ուղարկում է ձեռքով։) Շատ–շատ լավ էր։ Այնքան ուրախացա, որ ոգևորությունից նույնիսկ չկարողացա քնել»,– պատմեց նա։
Սիրուշոն Ինստագրամում իր շնորհավորանքի մեջ նշել է, որ տկն Սյուզանն իր համար օրինակելի կին ու մայր է եղել։ Երգչուհին զգացված է, սակայն խոստովանում է, որ որպես մայր դժվարանում է խորհուրդներ տալ դստերը։ «Առանց չափազանցության Սիրուշոյին շատ դժվար է խորհուրդ տալ` որպես մայրիկ։ Նա այնպիսի մայր է, որ ես չէի էլ պատկերացնի։ Շատ կազմակերպված է։ Ես սովորելու բան ունեմ իրենից։ Թեև նա մեր տան միակ երեխան է եղել, մանկուց էգոյի նշույլ անգամ չի ունեցել, այսօր ըստ իր բնավորության, մարդասիրության, սրտի մեծության` հրաշալի զբաղվում է իր զավակների հետ։ Այդ մասին չի խոսում, բայց կարծում եմ` ձգտում է, որ որևէ բան չտուժի։ Հնարավոր չէ, որ իր երեխաների առօրյան և դաստիարակությունը տուժեն աշխատանքի պատճառով և հակառակը։ Ես մի երեխա եմ մեծացրել, ինքը երկուսին է մեծացնում։ Դա շատ բարդ է, բայց կարողանում է։ Ընտանիքի անդամներով հաճախ ենք խոսում այդ մասին և հիանում իրենով»,– նշեց երգչուհին։
Տարեդարձի օրը տկն Սյուզանը հատուկ երազանքներ չի պահում, սակայն առօրյայում իրեն չի զրկում երազելու հնարավորությունից։ «Իմ երազանքները և՛ անձնական են, և՛ գլոբալ։ Հիմա, երևի, բոլորիս երազանքն է, որ մեր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Երբ նայում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, սարսռում եմ։ Ուզում եմ բոլորս ապրենք խաղաղ`առանց վատ անակնկալների»,– եզրափակեց նա։
Աղբյուրը՝ tert.am