Մարդկանց ամենօրյա հոգսերից ու խնդիրներից առաջին հերթին տուժում է նյարդային համակարգը և նման դեպքերում ի հայտ են գալիս դեպրեսիաներ և նյարդային հյուծվածություն:
Դեպրեսիան արդեն վաղուց համարվում է հիվանդություն: Դրա առաջացմանն է նպաստում գլխուղեղի քիմիական հավասարակշռության խանգարումը, որը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով (ֆիզիկական կամ հոգեկան ծանրաբեռնվածություն, անկայուն անձնական կյանք, հիվանդություններ, ծննդաբերություն և այլն): Երկարատև սթրեսը հյուծում է օրգանիզմը, ինչի արդյունքում գալիս է մի պահ, երբ նորմալ կենսագործունեության համար հարկավոր է լինում մասնագետի օգնությունը:
Նյարդային համակարգի հյուծումը ոչ միշտ է ակնհայտ լինում և մարդիկ տարբեր կերպ են արձագանքում դրան: Հիմնական ախտանշանը լինում է երկարատև դեպրեսիան, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Դեպրեսիայի զարգացման փուլերն են.
1. Դյուրագրգիռությունը՝ անգամ անկարևոր հարցերում,
2. անհանգստությունն ու տագնապն առանց որևէ պատճառի,
3. Մեղքի զգացումը և միայնության զգացողությունը՝ անգամ հարազատների և ընկերների առկայության դեպքում,
4. Հետզհետե խորացող վատատեսությունը,
5. Աշխատունակության անկումը, խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ, մտավոր կարողությունների վատացումը,
6. Քնի խանգարումներն ու մշտական հոգնածության զգացողությունը,
7. Քրոնիկական հիվանդությունների սրումը, գլխացավերը, տհաճ զգացողությունները մեջքի հատվածում,
8. Ինքնասպանության մասին մտքերը:
Սակայն հարկ է հիշել, որ դեպրեսիան կարելի է բուժել և դրա համար հիմնական պայմանը կյանքի ռեժիմի կարգավորումն է, ակտիվ հանգիստն ու բժշկի օգնությունը: Լուրջ դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակադեպրեսանտներ:
Նյարդային հյուծվածության ախտանշանները
Նյարդային հյուծվածությունն աննկատ չի անցնում և սովորաբար դրսևորվում է ախտանշաններով.
· Սրտանոթային համակարգ. սրտի զարկերի արագացում, առիթմիա, ճնշման տատանումներ (ճնշման բարձրացման դեպքում կարող է առաջանալ հիպերտոնիկ կրիզ, որը հանգեցնում է անքնության ու միգրենի):
· Իմունային համակարգ. հաճախակի քրոնիկական մրսածություն, հերպես, դիսբակտերիոզ, հոդերի կետ կապված խնդիրներ, մկանային ցավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 37°С):
· Մարսողական համակարգ. մարսողական համակարգի աշխատանքի վատացում, գաստրիտ, խոցեր, աղիների հետ կապված խնդիրներ, սրտխառնոց, փսխում, տհաճ զգացողություններ որովայնի հատվածում:
Նյարդային հյուծվածության դեպքում մարդուն մշտապես հետապնդում են բացասական սևեռուն մտքերը, ի հայտ են գալիս քնի խանգարումներ, հոգնածության, թուլության ու անտարբերության զգացում:
Նյարդային հյուծվածության հետևանքները
Նյարդային հյուծվածությունը ժամանակին չբուժելու պատճառով կարող են ի հայտ գալ տարատեսակ բացասական հետևանքներ.
1. Փոխվում է մարդու բնավորությունը, նա սկսում է այլ կերպ ընկալել ու գնահատել ամեն ինչ, դառնում է ինքնամփոփ և խուսափում է շփումից:
2. Հիվանդը «կորցնում» է իր անհատականությունը, փոխում է վերաբերմունքը կյանքի հանդեպ, կարող են ի հայտ գալ հոգեկան հիվանդություններ, մոլագարություններ ու սևեռուն գաղափարներ, մարդը սկսում է դեգրադացվել:
Ինչպես բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը
1. Հարկավոր է կարգավորել օրվա ռեժիմը. վարել առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել և ժամանակ անցկացնել մաքուր օդին,
2. Կարգավորել քունն առանց դեղամիջոցների,
3. Ժամանակ տրամադրել մեդիտացիային ու հանգստին և լսել հանգստացնող երաժշտություն,
4. Հիշել ակտիվ հանգստի և ամենօրյա ֆիզիկական վարժությունների մասին(լող, մարմնամարզություն, հեծանվավազք, զբոսանք),
5. Սովորել ինքնավերլուծություն անել և հասկանալ սեփական մտքերն ու ցանկությունները,
6. Հանդիպել ընկերների հետ,
7. Ժամանակ տրամադրել սիրելի զբաղմունքներին,
8. Հիշել, որ խնդիրների մեծ մասը մարդն ինքն է ստեղծում. մարդու կյանքը միշտ նրա ձեռքերում է:
Աղբյուրը՝ tert.am