Շատերը կարծում են, որ լեղապարկն այն օրգանն է, որը լեղի է արտադրում, սակայն իրականում սա այն օրգանն է, որտեղ պահվում է լյարդի արտադրած լեղին մինչ սննդի հաջորդ ընդունումը:

Այն յուրահատուկ պահեստ է լեղու համար, որում կարող է պահվել մինչև 200 մլ լեղի և որի բացակայության դեպքում այդ կարևոր նյութը ինքնաբերաբար կներթափանցեր տասներկումատնյա աղի:

Սննդի ընդունումից հետո, լեղապարկի կծկման հետևանքով, դրանում ճնշումը բարձրանում է և խտացած լեղին խառնվում է լեղու ընդհանուր հոսքին:

Որևէ ճարպոտ մթերք ուտելու դեպքում լեղապարկն անմիջապես կծկվում է՝ «դուրս նետելով» լեղին: Առավել մեծ քանակությամբ լեղի է դուրս մղվում ձվի դեղնուց, կենդանական կամ բուսական ճարպեր օգտագործելուց հետո: Կծկումներից հետո լեղապարկը թուլանում է և կրկին սկսում է լեղի կուտակել:

Լեղին շատ կարևոր նյութ է: Մարդու օրգանիզմը 75%-ով բաղկացած է ջրից, որը կյանքի համար անհրաժեշտ հիմնական միջավայրն է: Սա նշանակում է, որ օրգանիզմի կողմից յուրացվելու համար ցանկացած նյութ պետք է լինի ջրային լուծույթի տեսքով: Սննդի հետ ստացված ճարպը ջրում չի լուծվում, ուստի այն յուրացնելու համար օրգանիզմը որոշ խորամանկությունների է դիմում, որոնցից մեկն էլ լեղու գործածությունն է:

Լեղու հիմնական ակտիվ բաղադրիչը լեղաթթուն է, որը բնական լվացող միջոց է: լեղին խառնվում է ճարպին՝ վերածելով այն կիթի խտության զանգվածի: Ընդ որում՝ այդ ժամանակ ճարպը վերածվում է ջրային միջավայրում լողացող մանրագույն կաթիլների:

Այս ամենից հետո այդ զանգվածը մշակում են ֆերմենտները, որոնք քայքայում են խոշոր մոլեկուլները, որպեսզի դրանք կլանվեն աղիների բջիջների կողմից և խառնվեն արյանն ու ավշին:

Հարկավոր է հաշվի առնել, որ լեղապարկում լեղին որոշ փոփոխությունների է ենթարկվում: Օրինակ՝ դրա խտությունը բարձրանում է մոտ 10 անգամ, ինչի շնորհիվ այն շատ ավելի արդյունավետ է գործում: Սա է պատճառը, որ ինչ-ինչ պատճառներով լեղապարկը հեռացնելուց հետո մարդիկ ստիպված են լինում ամբողջ կյանքում խիստ դիետայի հետևել:

 

Որոնք են լեղապարկի աշխատանքի խանգարման մասին վկայող ախտանշանները

 

Լեղապարկի աշխատանքի խանգարումների մասին վկայող ախտանշանները չնկատել հնարավոր չէ: Նման խանգարումների մասին են վկայում աջ կողոսկրերի ստորին հատվածի ցավը, որը տարածվում է նաև աջ թիակի, ուսի կամ մեջքի հատվածում: Ցավը կարող է ուժեղանալ սթրեսի հետևանքով, տրանսպորտով երթևեկելիս, յուղոտ, տապակած կամ կծու սննդից հետո, սառը գազավորված ըմպելիքներ կամ գարեջուր խմելու դեպքում:

Լեղապարկի աշխատանքի խանգարման հետևանքով դրա պարունակությունը կարող է հայտնվել ստամոքսում: Այս դեպքում բերանում կարող է դառնության զգացում առաջանալ, ինչպես նաև բացառված չեն սրտխառնոցն ու փսխումը: Բացի այդ, լեղապարկի աշխատանքի խանգարումը կարող է դրսևորվել նաև փորկապությամբ կամ փորլուծությամբ, փորափքանքով կամ կաթնամթերքի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությամբ:

Հարկ է հիշել, որ լեղապարկը շատ կարևոր օրգան է, ուստի դրա հետ կապված խնդիրները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Հարկավոր է անմիջապես դիմել բժշկի օգնությանը, եթե.

·         ցավն անհանգստացնում է ավելի քան 4 ժամ,

·         այն ուժեղանում է մարմնի դիրքը փոխելիս,

·         ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ,

·         նկատվում է արտաթորանքի և/կամ մեզի գունազրկում կամ գույնի փոփոխություն,

·         առաջանում է մաշկի քոր,

·         նկատվում է մաշկի և/կամ աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնածություն:


Աղբյուրը՝ tert.am

loading...