Ժամանեց դիմակով, բեմ բարձրացավ ոտաբոբիկ. կայացավ երգչուհի Նարգիզի երևանյան առաջին մենահամերգը, որը լի էր զգացմունքային պահերով։ Նարգիզը երգում էր առանց բեք–վոկալի, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է, այս դեպքում նրա բեք–վոկալը հանդիսատեսն էր, որը երգչուհուն հավասար կատարում էր նրա երգերը։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
Նարգիզը հանդիսատեսին ողջունեց հայերենով, այնուհետև խոսեց իր ոգևորության մասին։ «Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ, գրեթե, բոլոր տոմսերը վաճառվել են։ Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր այսքան մարդ է հավաքվել։ Դուք անկեղծորեն ինձ եք նվիրում ձեր սերը։ Շնորհակալ եմ, որ հավատացիք ինձ ու այնպես արեցիք, որ ես այսօր կանգնած եմ այս բեմում։ Այսօր համերգ չի լինելու, այսօր լինելու է ջերմ, մտերմիկ հայկական երեկույթ։ Ես գիտեմ, որ դուք դրան պատրաստ եք և գիտեմ` որքան ջերմ ժողովուրդ եք դուք»,– ասաց երգչուհին։
Հանդիսատեսը սկսեց Նարգիզին ծաղիկներ նվիրել մինչև երգելը` առաջին իսկ բառերից հետո։ «Այսպես արդար չէ, ես դեռ չեմ երգել»,– ասաց երգչուհին ու հուզվեց` հասկանալով, թե ինչ ջերմություն է սպասվում իրեն երեկոյի ընթացքում։ Իրեն ծաղիկ նվիրողներին Նարգիզը բաց չէր թողնում առանց համբույրի ու գրկախառնության։ Երկրպագուհիներից մեկը երգչուհուն նվիրեց իր ձեռքով նկարած դիմանկարը։ Նարգիզը շատ ոգևորվեց այս նվերից։
Նա մեծ էներգետիկա տվեց հանդիսատեսին ու ստացավ փոխադարձ էներգիա կամ հակառակը` դժվար է ասել, թե ով էր ավելի շատ էներգիա տալիս, փաստն այն է, որ հանդիսատեսը Նարգիզին դիմավորեց ու ճանապարհեց ջերմ ծափողջույններով։ Վերջինս էլ մի քանի անգամ չկարողացավ զսպել հուզմունքը։
Երեկոյի ընթացքում երգչուհին 3 անգամ զգեստափոխվեց։ Զգեստները սև և սպիտակ գույների էին։ Վառ փոխվում էր միայն երգչուհու շրթներկի գույնը` կապույտ, կարմիր և նուրբ վարդագույն` արտահայտելով երգերի հոգեվիճակները։
Երգչուհին հիշեց, որ առաջին անգամ եղել է Երևանում, երբ 4 տարեկան էր. «Մայրիկս ինձ իր հետ բերել էր շրջագայության։ Չգիտեմ, թե քանի տարի է անցել, 2 օր առաջ դարձա ընդամենը 47 տարեկան։ Իմ ամենակարևոր նվերն այն է, որ դուք այսպիսի քանակությամբ հավաքվել եք այստեղ։ Մեր անկեղծ երաժշտությունը ձեզ համար»,– ասաց երգչուհին։