Վարդան Սարգսյանը երեկ հանդիսատեսին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որում նկարահանվել է «Մերժվածը» հնդկական սերիալից հայտնի Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսայը։
«Աղջիկները շատ տարբեր են» երգի տեսահոլովակն ավարտվում է այն պահին, երբ Վարդանը գտնում է Ռաշամիին և ծաղիկներ նվիրում նրան։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ տեսահոլովակը կունենա երկրորդ մաս։
«Ամենակարևոր պահին տեսահոլովակն ավարտվում է։ Մենք նախատեսում ենք ունենալ շարունակություն։ Այս տեսահոլովակում Ռաշամին միայն վերջում է հայտնվում, հաջորդում նա ավելի մեծ մասնակցություն կունենա։ Մյուս տեսահոլովակի նկարահանումները ևս նախատեսում ենք Հնդկաստանում անել»,– ասաց երգիչը ու հավելեց, որ այժմ գրվում է երկրորդ երգը։
Երգչի խոսքով` Ռաշամին շատ է հավանել տեսահոլովակը։ «Իր կարծիքը շատ կարևոր էր ինձ համար։ Նա շատ էր հավանել տեսահոլովակն ու շնորհակալություն հայտնեց, որ այդ ամենի մի մասնիկն է եղել։ Դա ինձ շատ ոգևորեց։ Երկրորդ տեսահոլովակի համար գաղափարներ կան, սակայն սյուժետային գիծը դեռևս որոշված չէ։ Ռաշամիի հետ քննարկել են երկրորդ մասում նկարահանվելը, սիրով համաձայնել է, սակայն կերպար չենք քննարկել։ Մեր հարաբերություններն այն փուլում են, որ, կարծում եմ, չի մերժի։ Միակ խնդիրն իր խայտառակ մեծ զբաղվածությունն է, սակայն մի քանի օր ազատ ժամանակ կգնի տեսահոլովակում նկարահանվելու համար»,– ասաց նա։
Վարդանը պարբերաբար խոսում է Ռաշամիի հետ իր ջերմ հարաբերությունների, նրանով հիանալու մասին, Հայաստանում էլ չեն դադարում խոսակցությունները, որ դերասանուհին, ի վերջո, հարս է գալու Հայաստան. «Ես դեմ չէի լինի հարս բերել Ռաշամիին:) Շատ-շատ եմ հարգում իրեն: Հուսով եմ` շուտով նրա հետ մեր երկրում շփվելու առիթ կունենաք և ինքներդ կհամոզվեք, թե որքան լավն է նա»։
Հարցին, իր մեջ, այնուամենայնիվ, սիրահարվածություն կա՞, ինչպե՞ս է դրան արձագանքում Ռաշամին, Վարդանը պատասխանեց. «Սիրահարվածությունն ուժեղ է հնչում, բայց շատ մեծ համակրանք կա նրա նկատմամբ։ Իր անունից խոսել չեմ ուզում, սակայն եթե մեր շփումը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ ես Հայաստանում եմ, նշանակում է` նրա կողմից էլ համակրանք կա։ Դա շատ կարևոր է ինձ համար։ Այս պահին մենք լավ ընկերներ ենք, որոնք շատ բաների են պատրաստ իրար համար»,– նշեց երգիչը։