Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերի 21–ից  կմեկնարկի «Հետհաշվարկ» հոգեբանական դրաման։ Խորեն Լևոնյանի, Սոս Ջանիբեկյանի, Անի Երանյանի մասնակցությամբ 25–մասանոց հեռուստաֆիլմն արդեն հասցրել է դառնալ քննարկումների առարկա։

 

Ռեժիսոր Ելենա Արշակյանն ասում է, որ սա նոր ձևաչափ է իր և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի համար։ Ելենան ջանք ու եռանդ չի խնայում հեռուստադիտողներին որակյալ արտադրանք ներկայացնելու համար։ Հեռուստաֆիլմի նկարահանումները ստեղծագործական թիմին տարել են Մոսկվա։ Չնայած եղանակային վատ պայմաններին` նրանք հաջողությամբ ավարտել են նկարահանումները: Tert.am Life–ի հետ զրույցում Ելենան պատմել է նկարահանումների ընթացքի մասին և տրամադրել լուսանկարներ։

 

«Մի քանի օր է` Մոսկվայում ենք։ Ըստ սյուժետային գծի` հերոսներից մեկն ինչ–ինչ պատճառներով պետք է լքեր Հայաստանն ու գար Մոսկվա։ Ես չցանկացա այլ տեղերում նկարահանել Մոսկվայի տեսարանները կամ տաղավարում նկարահանումն անել և դիմել գրաֆիկայի օգնությանը։ Որոշեցինք նկարահանող խմբով գալ Մոսկվա»,– պատմեց Ելենան։ Ռեժիսորը Մոսկվա է մեկնել 10 հոգանոց թիմով։ Դերասանական կազմից նրա հետ են Սոս Ջանիբեկյանն ու Անի Երանյանը։

Արտերկրում նկարահանումներ անելն ավելի բարդ է` հաշվի առնելով թույլտվության անհրաժեշտությունն ու ծանոթների պակասը։ Վերջինը, սակայն Ելենային չի սպառնացել։ Նա նշեց, որ այնտեղ ունի լավ ընկերներ, ովքեր իրեն օգնում են այդ հարցում։ «Բնականաբար, Մոսկվայում շատ ավելի դժվար է նկարահանումներ իրականացնել, տեղից տեղ գնալն արդեն իսկ բավականին դժվար է։ Չնայած բարդություններին` նկարահանումներն արդեն ավարտել ենք։ Մոսկվայում եղանակն այդքան էլ հաջող չէր` ցուրտ էր և անձրև, սակայն բարեհաջող ավարտեցինք նկարահանումները»,– ասաց ռեժիսորը։

 

Անի Երանյանի հետ Ելենան բազմիցս ճանապարհ է գնացել,  իսկ ահա Սոս Ջանիբեկյանի հետ նա առաջին անգամ էր ճանապարհ գնում։ Ելենան համաձայն է, որ ճանապարհին ավելի շատ բացահայտումներ կարելի է անել մարդու մասին, սակայն արտառոց բացահայտումներ իր համար չի արել։

«Երբ ես ու Սոսն ուղևորվում էինք Մոսկվա, խոսում էինք այն մասին, թե որքան կարևոր է` ում հետ ես ճանապարհ դուրս գալիս։ Շատ ուրախ եմ, որ միասին փոքրիկ ճանապարհորդության փորձ ունեցանք։ Եկել էինք այստեղ աշխատելու և մեր աշխատանքը բարեհաջող ավարտեցինք։ Նկարահանումներից հետո ժամանակ ենք անցկացրել դերասանների հետ։ Սա առիթ էր իրար հետ մի քանի ժամ առանձնանալու, իրար ավելի լավ ճանաչելու։ Արտառոց բաներ չեն եղել»,– նշեց ռեժիսորը։

 

Ելենան վերադառնում է Հայաստան` լսարանին ներկայացնելու իր նոր նախագիծը։ Նա լիահույս է, որ իրենց արած աշխատանքը կգնահատվի։

loading...