Վաչե Թովմասյանի նոր` «Ոսկե դպրոց» սիթքոմի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մինչ Վաչեի հերոսը փորձելու է գտնել պահած ոսկիները, 11/Բ դասարանն ամեն ինչ անելու է նրա կյանքն առավել «հետաքրքիր» դարձնելու համար։ Չարաճճիների դասղեկը` անգլերենի ուսուցչուհի Աննա Գրիգորյանն էլ փորձելու է ճիշտ լուծումներ գտնել։
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերի 17–ից կմեկնարկի նոր սիթքոմը։ Մինչև այդ, Tert.am Life–ը եղել է նկարահանման հրապարակում, զրուցել դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանի հետ։
Աննան եթեր է վերադառնում 1 տարվա ընդմիջումից հետո։ «Իմ վերջին նկարահանումները եղել են մեկ տար առաջ` այս ժամանակահատվածում` «Ռեստարտ 2020» նախագծի շրջանակում։ Այս անգամ ներկայանում եմ ուսուցչուհու կերպարով։ Առաջին անգամ եմ այսպիսի դեր խաղում։ Շատ հետաքրքիր է, ամենակարևորը` նոր է, իսկ ես սիրում եմ նոր կերպարներ փորձել։ Ինձ համար շատ սպասված է, քանի որ միշտ ցանկացել եմ անգլերենի ուսուցչուհու կերպար խաղալ։ Դասղեկի, այն էլ այսպիսի չար դասարանի դասղեկի մասին չէի մտածել»,– ասաց դերասանուհին։
Աննան պատմեց, որ դասարանում ունի քույր, որին շատ է սիրում, բայց չի ուզում երես տալ։ Նա պետք է կարողանա լինել ճիշտ դասղեկ, ճիշտ գործընկեր։ Աննան սիրում է պատրաստված ներկայանալ նկարահանման հրապարակ։ Այս փուլում իրեն կօգնի այն հանգամանքը, որ իրական կյանքում էլ ներկայանալու է որպես ուսուցչուհի` դասավանդելու է մոդելային դպրոցում։
Սովորաբար, ռեժիսորներն ընդգծում են նաև Աննայի արտաքին գրավչությունը։ Այս անգամ ևս դրանից խուսափել չի հաջողվել. «Ես կուզեի, դա չշեշտվեր, բայց, ինչպես հասկանում եմ, էլի շեշտվում է։ Կերպարս նաև սիրային գիծ ունի, որը ծավալվում է Վաչեի հետ»։