«Շանթ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում ցուցադրվում է «Մամայի եփածն ուրիշ է» միջազգային ֆորմատի նախագիծը, որը վարում է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը: Հաղորդման երկրորդ թողարկման մասնակից թիմերում մայրիկներն էին իրենց աղջիկների հետ: Թիմերից մեկում պարսկահայեր էին, որոնց  նկատմամբ հակառակորդ՝ երեւանաբնակ ընտանիքը ընդգծված ծաղրող վերաբերմունք էր ցուցաբերում: Երևանաբնակ թիմը պատրաստում էր կանեփի գարնիերով դոլմա, ինչը եւս ողջ հաղրոդման ընթացքում դարձավ թեժ թեմա. ուտեստի պատրաստման ընթացքում ընտանիքի մայրիկը մեծ խանդավառությամբ պատմում էր այն մասին, որ իրենց ընտանիքի անդամները շատ են սիրում բոված կանեփ ու դրանից հրաժարվում է միայն տան կատուն՝ նախընտրելով կանեփի թերթիկները:
 
Հաղորդման այս թողարկման շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Շանթ» հեռուստաըներության հանրային կապերի աշխատակցի հետ: 
 
«Կարծում եմ՝ պետք չէր այսքան ծայրահեղեցնել, սա շոու է, որի շրջանակներում որոշ կատակներ կարող են հեգնանք դիտվել, բայց մեկը մյուսին նվաստացնելու խնդիր չկա, որովհետեւ հիմքում առողջ մրցակցությունն է: Ինչ վերաբերվում է կանեփի թեմային, որը շոշափվեց կրիմինալ ձեւով, ասեմ, որ կանեփը հայկական խոհանոցում լայն կիրառություն ունեցող բույս է, դրա սերմերը հայկական ավանդական աղանձի բաղադրամաս են հանդիսանում, դրանք իրենց մեջ 30-35 տոկոս յուղ են պարունակում, որը շատ առողջարար է: Այսինքն՝ այն խոհանոցում տեղ ունի եւ բոլորովին ուրիշ հարց է, որ կանեփը օգտագործում են այլ նպատակներով: Գլումովը միայն կատակել է եւ այդ կատակը շոուի շրջանակում լրիվ տեղին է, ու պետք չէ կատակը վերածել կրիմինալի»,- նշեցին «Շանթի»- հանրային կապերի բաժնից:
 
Հետաքրքրվելով, թե պարսկահայ ընտանիքը հաղորդումը հեռարձակելուց հետո արդյոք դժգոհություն չի հայտնել, պատասխանեցին.
 
«Ոչ, նման բան չի եղել, բայց կրկնում եմ՝ մեր կողմից անընդունելի է աշխարհի որեւէ հատվածում բնակվող հայի նկատմամաբ վիրավորական կամ հեգնական արտահայտությունները: Մենք հեռարձակում ենք հաղորդումը, բայց դա չի նշանակում, որ հեռուստատեսությունը կիսում է շոուի բոլոր մասնակիցների տեսակետները, ի վերջո, կան տարբեր սկանդալային ծրագրեր՝ քաղաքականից մինչեւ ընտանեկան, որոնցում հնչում են տարբեր կարծիքներ, բայց հեռուստաընկերությունները չեն կիսում դրանք: Այս պարագայում, եթե ունենայինք տուժող կողմեր, գուցե չհեռարձակեինք այդ թողարկումը, բայց քանի որ այն համապատասխանում էր միջազգային ֆորմատին եւ տուժող կողմեր էլ չկային, ուստի այն եթեր հեռարձակվեց»:

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...