«Արմենիա» հեռուստաընկերությամբ արդեն մեկնարկել է «3Off» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Նախորդ շաբաթ հաղորդման հյուրերի շարքում էր նաեւ դերասան Հովհաննես Դավթյանը, ով վերջին փուլի ընթացքում, կարդալով աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունը, զարմացած արձագանքեց՝ «Էս ո՞վ ա»: Հովհաննեսի այս քայլը չի վրիպել մարդկանց ուշադրությունից, ավելին՝ ֆեսբուքյան օգտատերերից մեկն անգամ անդրադարձել էր նրան՝ գրելով՝ «Հովհաննես Դավթյանը սաղին ձեռա առնում ու չի ճանաչում Նարեկ Հախնազարյանին»։
Life.panorama.am-ը թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով՝ կապ հաստատեց Հովհաննես Դավթյանի հետ, ով նշեց.
«Բնականաբար, ես ճանաչում եմ Նարեկ Հախնազարյանին եւ շատ բարձր եմ գնահատում նրա աշխատանքը, պարզապես հաղորդման տվյալ փուլի արագության մեջ մի պահ շփոթվեցի: Ես վստահ եմ, որ իմ այդ վրիպակը քննարկողները իմ կարգավիճակում եւս կարող էին շփոթել, իրար խառնվել ու առանց լուսանկարի, միայն Նարեկի անունը կարդալով, նրանք եւս մի պահ կարող էին չհիշել նրան: Նույն կերպ կարող էր իմ անուն-ազգանունը գրված լիներ, ու ինչ-որ մեկը առանց նկարի չճանաչեր ինձ, դա լրիվ նորմալ է, այն էլ, կրկնում եմ, երբ կողմնորոշվելու համար վարկյաններ են տրված: Ինձ համար սրանք շատ պարապ խոսկցություններ են, որին անգամ անիմաստ է անդրադառնալ»:
Աղբյուրը՝ Life.panorama.am