ՀՀ Վաստակավոր արտիստուհի, երգչուհի Էմմա Պետրոսյանն այսօր նշում է ծննդյան 52-ամյակը, որի առիթով Life.panorama.am-ն անկեղծ զրույց է ունեցել նրա հետ:

Համարձակ եմ ապրում

Սիրում եմ լինել համարձակ ու ապրել յուրաքանչյուր տարիք՝ իր առավելություններով ու թերություններով: Իհարկե, միշտ էլ երիտասարդությունից հեռանալով՝ ափսոսանք ունենում ես, բայց երիտասարդությունը քո ներսում է: Դու այնքան ես, ինչքան ապրում է քո հոգին: Իմ կյանքում երեւի քիչ բան չեմ արել, բայց հույս ունեմ, որ ապագայում շատ ավելի անելիք ունեմ անելու: Ես այս երազանքով եմ ապրում: Ես դեռ թեւեր ունեմ ու պատրաստ եմ ճախրելով հասնել նոր հորիզոնների:

Կինը 50-ից հետո

Յուրաքանչյուր կին իր տեսլականն ունի այս հարցում:  Կան կանայք, որոնք 50-ից հետո ավելի տխուր ներաշխարհ են ունենում, կամ կարծում են, որ այդ տարիքում արդեն շատ բան է հետեւում մնացել, բայց ես այդպես չեմ ապրում: Արդեն երկու տարի է, ինչ ես 50-րդ տասնամյակում եմ, բայց դա ընդամենը թվային մի պատմություն է, որի վրա երբեք չեմ կենտրոնանում: Ես միշտ նորի զգացումով եմ ապրում եւ նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին: Ես ամեն անգամ նորովի եմ ստեղծագործում, ամեն անգամ նոր սիրով եմ սիրում ընտանիքիս անդամներին, հարազատներիս ու ընկերներիս. միշտ փորձում եմ հոգեպես առողջ լինել, իսկ դա ներքին խաղաղությունն է:

Իմ հաղթանակները

Հաղթանակների գիտակցումը տեսակի խնդիր է: Կարող ես լինել անբավարար մարդ եւ ունեցածդ հաղթանակները չարժեւորես: Կարծում եմ՝ ամեն ինչ մեր կյանքում հաղթանակներ են, որոնց համար ապրել ես ու շարունակում ես ապրել: Իմ հաղթանակներն են մեր ձայներիզները, համերգները, իմ հեղինակած երգերը, մեր ընտանիքը, մեր որդին, ընկերներս: Իմ հաղթանակն իմ գոյությունն է եւ այն տարիները, որոնք համարում եմ իմ ներաշխարհի վերարտադրությունը: Այն ամենն, ինչ ունեմ, միայն իմը չէ, ես թելերով շաղկապված եմ ինձ շրջապաողների հետ, ովքեր ինձ հետ միասին ստորագրել են իմ հաղթանակները:

Չարած գործեր

Եթե ես հասնում եմ մի կետի եւ կարող եմ օգնել ուրիշներին, ապա դա պետք է լինի իմ առաջնային գործը, հակառակ դեպքում ինձ թերի կհամարեմ: Իմ բացթողումների մեջ մի կարեւոր բան ինձ շատ է ցավ պատճառում՝ ի՞նչ եմ անում ուրիշների համար: Այսօր իմ կյանքում թերի եմ համարում այն, որ չեմ կարող շատ երեխաների օգնել, ովքեր չունեն գործիք, չեմ կարողանում ձեռք մեկնել այն երեխաներին, ովքեր հիվանդ են, շատ կցանկանայի, որ կարողանայի համերգներ կազմակերպել ու էլ ավելի պիտանի լինել: Ես երբեք չեմ սիրում արածս գործերի մասին խոսել, բայց իսկապես փորձում եմ օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ունեն նաեւ իմ կարիքը: Պարզապես խնդիր կա՝ պետք է ճիշտ ժամանակին հասցնել, քանի որ ժամանակը վազում է՝ մենք էլ նրա հետեւից:

Գնում եմ դեպի երազանքներս

Վերջին տարիները ինձ հնարավորություն տվեցին շատ հետաքրքիր ու լի ապրել. Ստեղծվեց «Սեւ դառը շոկոլադ» ներկայացումը, որն ինձ նոր կարողություն տվեց: Հիմա ունեմ գրված ու չգրված էջեր, եւ երազում եմ, թե երբ են դրանք բարձրանալու բեմ: Ես ուզում եմ բեմից խոսել սիրո եւ մարդկային հատկանիշները չմոռանալու մասին: Հիմա գնում եմ դեպի դա, փորձելու եմ սիրո կարեւորության, բուժիչ հատկության մասին ավելի շատ խոսել: Ես գնում եմ դեպի գեղեցիկը եւ ուզում եմ նաեւ բարձրաձայնել այդ մասին: Հիմա արդեն մտածում եմ տատիկ դառնալու մասին, չէ որ դա էլ սիրո մի դրսեւորում է: Տղաս արդեն փոքր չէ, դա պետք է կայանա իր եւ մեր կյանքում, իսկ ես ու Արամը պատրաստ ենք իր նման մեծացնել նաեւ իր ձագուկներին:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...