Դերասան Արամ Կարախանյանը, ում հեռուստադիտողը այժմ տեսնում է «Հոսանքին հակառակ» հեռուստասերիալում, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրան հազվադեպ կարելի է տեսնել հեռուստատեսային որեւէ նախագծում, քանի որ այդ հարցում նա իր հստակ սկզբունքներն ու տեսակետն ունի, որի մասին, եւ ոչ միայն, պատմել է մեր հարցազրույցի ընթացքում:

-    Արամ, զրույցը սկսենք «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարից, որը հնարավորություն տվեց հեռուստադիտողին ճանաչել Ձեզ: Ինչպե՞ս կայացավ Մհերի Մկրտչյանի հետ համագործակցությունը:

-   Մհերի հետ ծանոթացել ենք «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Այդ օրը միասին փոքրիկ զրույց ունեցանք, եւ նա ասաց, որ կցանկանար իր ապագա նախագծերից մեկում ես էլ նկարվեմ: Այդ պահին ինձ թվաց, որ դա ընդամենը խոսակցություն էր, որ եղավ ու անցավ, սակայն ամիսներ անց առաջարկ ստացա նկարահանվել այս սերիալում: Ի դեպ՝ Մ. Մկրտչյանը պլանավորել էր, որ պետք է Ժորայի՝ Արմենի ընկերոջ դերը ստանձնեի, սակայն հետո մտափոխվեց, ու առաջարկեց մարմնավորել պարոն Սանթրոսյանին:

-  Հիմա, երբ ֆիլմը եթերում է, ի՞նչ եք կարծում կարողացե՞լ եք ստանալ Մհերի պատկերացումները այս դերի հետ կապված:

-   Մհերը միշտ ստանում է այն, ինչ պահանջում է: Իհարկե, եղել են անհաջող կադրեր, երբ նա կանգնեցրել է նկարահանումը եւ բացատրել, թե ինչ է ուզում: Մհերի ստեղծած կերպարներում մարդկային ֆակտորը շատ մեծ է, նա հենց այնպես ոչինչ չի անում: Նա իմ կերպարի մասով ասել է, թե ստացել է իր ցանկալի արդյունքը, հուսամ՝ դա իսկապես այդպես է:

-     Արամ, ֆիլմում Ձեր մասնակցությամբ բավականին բաց տեսարաններ կան: Ըստ Ձեզ՝ հանրությունը որքանո՞վ է ճիշտ ընկալում նման կադրերը:

-    Դա նորմալ երեւույթ է, երբ ռեժիսորին նման կադրեր են պետք. դրանցով նա կարողանում է փոխանցել ավելին, քան տեքստով կաներ: Նման կադրերով ցույց է տրվում սեր, կապվածություն, զգացմունքներ, որոնք հաստատ ոչ մի բառով ավելի ճիշտ չես ներկայացնի: Կարծում եմ՝ այդ տեսարանները շատ կարեւոր են, եւ դերասաններն էլ դրանց պետք է պատրաստ լինեն: Իսկ, եթե դերասանները պատրաստ են, ուրեմն հանրությունն էլ պետք է պատրաստ լինի: Այդ կադրերը նկարաանելիս ներկա է եղել իմ կինը, ներկա էր նաեւ Միլենայի փեսացուն: Այսինքն՝ մենք գիտակցաբար ենք դրան գնացել, իսկ խոսակցութունները կգան ու կանցնեն, ինչպես բոլոր դեպքերում: Ուրախ եմ, որ այս ֆիլմի մի մասնիկն եմ դարձել: Այստեղ ամեն մի տեսարան նկարվել է  շատ  բարձր մակարդակով: Թիմում ներգրավված ամեն մեկը մտածում էր լավ ու որակյալ աշխատանքի մասին, իսկ դա արդեն հաջողության համար մեծ գրավական է:

-   Արամ, նկատելի է, որ Ձեզ շատ հազվադեպ կարելի է տեսնել էկրաններին: Ինչի՞ հետ է կապված այդ փաստը:

-    Ես մի քիչ խուսափում եմ հաճախ նկարահանվել, քանի որ հասկանում եմ, որ  ունեմ լեզվական խնդիր՝ ավելի շատ ռուսերեն եմ խոսում: Արտաքինս էլ թույլ չի տալիս հաճախ նկարահանվել: Հիմնականում կարճամետրաժ, երբեմն նաեւ լիամետրաժ ֆիլեմրում եմ նկարահանվում, շատ հաճախ ռուսական արտադրության ֆիլմերում եմ հանդես գալիս: Արտաքինս ու հայերներս ինձ խանգարում են, բայց ինչ արած, փոխել հնարավոր չէ:

-    Էկրաններին Ձեզ հաճախ չենք տեսնի, բայց «Արտաազդ 2016-ում» արժանացաք լավագույն դերասանի տիտղոսին: Այսինքն՝ թատրոնային աշխատանքը միշտ կա: Հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք այստեղ:

-    Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում խաղում եմ «Я здес’Ь» ներկայացումը, որն ինձ համար լավագույնն է համարվում, ես իսկապես երջանիկ ու հպարտ եմ որպես դերասան, որ այդ ներկայացման մեջ եմ աշատում: Հիմա Ռ. Բաբայանի հետ եւս մեկ ներկայացում ենք փորձում, որի շրջանակում դերասանուհի Տաթեւիկ Մելքոնյանի հետ որպես դերասանական զույգ ենք ներկայանալու: Գուցե Արշո Հարությունյանի հետ եւս ներկայացմամբ հանդես գանք: Թատրոնին զուգահեռ Բորիս Հայրապետյանի հետ արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում ենք «Կալիգուլա» լիամետրաժ ֆիլմի վրա:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...