Հոկտեմբերի 5-ից երկար սպասված «Սուպեր մամա 2»-ը մեծ էկրաններին է: Թեեւ արդյունքներն ամփոփելու համար դեռ շատ վաղ է, բայց առաջին արձագանքների մասին Life.panorama.am-ը խոսել է «Սուպեր մամայի» գլխավոր հերոս Հայկ Մարությանի հետ:
«Ֆիլմը սպասված էր, իսկ դա փաստում է այն, որ կինոթատրոններում արդեն հինգ օր է, ինչ դժվարությամբ են տոմսեր գտնվում: Այս օրերին հետաքրքիր աժիոտաժ է սկսվել թե համացանցում, թե իմ շրջապատում, բոլորն ասում են, որ տոմսեր չկան, դա նշանակում է, որ շատ արագ են դրանք սպառվում: Այս ամենը խոսում է ֆիլմի սպասվածության եւ գովազդային ճիշտ մարտավարության մասին: Սակայն այս ամենից ոչ պակաս կարեւոր է, որ ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միեւնույն ոգեւորությունն ունենան: Գովազդով կարող ես շատ մարդկանց բերել կինոթատրոններ, սակայն, եթե ֆիլմը վատը եղավ, այդ հոսքը կտեւի ընդամենը երկու շաբաթ, մինչեւ ֆիլմն արդեն տեսած մարդիկ կարտահայտեն իրենց կարծիքները եւ եթե դրանք դրական չեղան, ապա կփնովեն ֆիլմն ու կպակասեցնեն նաեւ ֆիլմը չդիտած մարդկանց ոգեւորությունը: Հիմա մենք հույս ունենք, որ մեր ֆիլմի լավ արձագանքները կշարունակվեն մինչեւ վերջ, համենայն դեպս՝ դեռեւս ինձ հասած բոլոր կարծիքները դրական են, իսկ դա շատ ոգեւորող է»,- նշեց Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ անգամ համաշխարհային օրինակով, որեւէ ֆիլմի երկրորդ մասը մեծամասամբ զիջում է առաջինին, եւ հարցին, թե այս իմաստով ի՞նչ սպասելիքներ ունեն ֆիլմի կազմակերպիչները, Հայկն ուրախությամբ ընդգծեց.
«Մինչ այս լսածս կարծիքներում ինձ ամենաշատն ուրախացնում է հենց այդ փաստը, որ մարդիկ նշում են, թե սա առաջինից լավն էր, եւ դա այն դեպքում, երբ առաջինը անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ռեկորդային տոմսերի վաճառք ունեցավ: «Սուպեր մամա 2»-ի ստեղծման ընթացքում էլ, երբ նման հարցեր էին ծագում, ես ասում էի, որ ինչքան էլ համաշխարհային կինոասպարեզում կա այդ միտումը, բայց, միեւնույն է, դրանց կողքին կան նաեւ բացառություններ: Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս փորձում ես մինչ այդ կատարածդ աշխատանքներից ավելի լավն անել, չէ որ դու այդ ընթացքում ավելի շատ ես փորձ ձեռք բերել, առավել շատ ես հմտացել եւ այլն: Մենք թե ռեժիսուրայի, թե դերասանական, թե տեխնիկական իմաստով փորձել ենք մեր նախորդ աշխատանքներից մեկ քայլ առաջ գնալ եւ փառք Աստծո, դա մեզ հաջողվեց»:
Այս թեման շարունակելով՝ Հ. Մարությանը նշեց նաեւ, որ որեւէ բան ստեղծելիս՝ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի նկարահանման ընթացքը թիմին հաճելի եւ հարմարավետ լինի.
«Մեզ համար սկզբունքի հարց է, որ մեր կատարած գործը լինի գերպրոֆեսիոնալ, որպեսզի այն համապատասխան լինի միջազգային չափանիշներին: Եթե ես ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ մեկի արածը քննարկել, ապա իմ աշխատանքում ես պետք է շատ հաջողեմ, որպեսզի հաջորդ անգամ էլ տեղ ունենամ խոսելու: Մեր թիմիում հավաքված են մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է նվիրված են այս գործին, մենք կարող ենք կիսատ քնել, ընտանիքի հետ քիչ ժամանակ անցկացնել, բայց ժողովրդի համար լավ գործեր ստեղծել, իսկ սա ես համարում եմ հայրենասիրություն: Մենք անձնվեր աշխատանքով ենք պատկերացնում երկրի կառուցումը, որը պետք է սկսվի բոլոր ոլորտներից»,- շեշտեց դերասանը:
Life.panorama.am-ի զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում ֆիլմարտադրությունն առհասարակ զարգացած չէ եւ դժվար է ստեղծել մի բան, որը կշարժի մարդկանց հետաքրքրությունը.
«Մեզ մոտ դեռեւս սովետական մտածելակերպն է գործում. մարդիկ չեն ուզում վճարել տոմսի համար եւ գնալ կինոթատրոն ֆիլմ դիտելու: Նրանք հեշտությամբ պահանջում են, որ ֆիլմը համացանցում հասանելի լինի, որ իրենց տներում նայեն, բայց չեն պատկերացնում, որ ֆիլմերը ստեղծվում են շատ մեծ բյուջեով, եւ եթե այն չի ֆինանսավորվում պետության կողմից, ապա բնական է, որ կարիք է լինելու ներդրված գումարները հետ բերել: Մեր նորանկախ Հայաստանում ամեն տարի պետությունից 1.5 միլիոն դոլոր է տրամադրվում հատուկ ֆիլմեր նկարահանելու համար, որոնք մարդիկ հիմնականում չեն տեսնում: Իսկ մեր երկրում կոմերցիոն ֆիլմեր վերջին երկու տարվա ընթացքում գրեթե չեն ստեղծվում, քանի որ տարիներ առաջ փորձ եղավ, բայց բոլորն էլ, այսպես ասած, «տակ տվեցին»: Ստացվում է, որ վերջին երկու տարվա մեջ առաջին փորձը մենք ենք անում»,- հավելեց նա:
Ի դեպ՝ Հայկ Մարությանն, իր սովորության համաձայն, հերթական աշխատանքի ավարտից անմիջապես հետո արդեն մտածում է նոր գործերի մասին.
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ «Արմենիա TV»-ով արդեն հեռարձակվում է «Ազիզյաններ» սիթքոմի առաջին եթերաշրջանը, իսկ երրորդ եթերաշրջանը «Արմենիա Պրեմիում»-ով կլինի հոկտեմբերի 16-ից: Հիմա մտածում ենք նաեւ նոր ֆիլմի մասին: Երեք տարբերակ ունենք, պետք է ճիշտ ընտրություն կատարենք: Սրանց զուգահեռ կլինի նաեւ ներկայացում, որը հավանաբար ֆիլմից ավելի շուտ կներկայացնենք»,- ավարտեց նա:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
loading...