Պսակի արարողության սկզբում հարսը կանգնում է փեսայի ձախ կողմը, ով իր աջ ձեռքով բռնում է հարսի աջ ձեռքը: Աջը խորհրդանշում է պատվավորն ու ճշմարիտը: Այսպես` Աստծո աջ կողմում բազմյալ Միածին Որդին իր Աջով բռնել է Եկեղեցին, որ դեռևս աշխարհի ձախ կողմում է, մինչև որ Եկեղեցին, այսինքն` հավատացյալները, կազմեն վերին Եկեղեցին, և այն ժամանակ հավատացյալները կլինեն աջակողմյաններ` ըստ այն խոսքի, թե․ «Բռնեցիր իմ աջ ձեռքից, քո խորհուրդներով ինձ առաջնորդեցիր և փառքով ընդունեցիր ինձ» (Սաղմ. 72.23-24): Ինչպես Աստծո Աջը առավ Ադամի ձախ կողը և կին արարեց, նույնպես և Աստծո Աջը, որ Միածին Բանն է, առավ ձախ կողը՝ Ադամի հանցավոր բնությունը, և մարդեղացման ժամանակ Իրեն միավորելով՝ եղավ անմեղ և անապական մարմնով՝ հանելով Ադամի բնությունը առաջվա աջակողմյան պատվին, ուր գտնվում էր առաջին մարդը նախքան իր մեղանչելը:

Երբ եկեղեցուց դուրս են գալիս, հարսը լինում է փեսայի ձախ կողմում, բայց երբ հարսն ու փեսան նստում են պատվավոր տեղում, հարսին արդեն նստեցնում են աջ կողմում: Սրա նշանակությունն այն է, որ դրախտում կինը Ադամի աջ կողմում էր, բայց երբ դրախտից արտաքսվեցին, կինը եղավ Ադամի ձախ կողմում և նրա անկման պատճառ: Իսկ երբ Բանն Աստված ցանկացավ մարդ լինել, մեր ձախ բնությունը աջի փոխեց: Դրա համար կույսի արգանդի աջ կողմում բնակվեց, ինչպես որ, ըստ կարգի, բոլոր արու մանուկները մոր աջ կողմում են գոյավորվում, իսկ իգական սեռի մանուկները` ձախ կողմում: Նույնպես խաչի վրա Քրիստոս կամեցավ մեզ որպես որդիներ ծնել, որի համար Իր կողի աջակողմը բացեց նիզակով խոցվելով և Եկեղեցին Իր աջ կողմում շինեց: Այսպես նաև մկրտության ավազանն է գտնվում եկեղեցիների աջ կողմում: Եվ դարձյալ երկրորդ փառավոր գալստյան ժամանակ Քրիստոս Իր աջ կողմում կհաստատի Սուրբ Եկեղեցին, ինչպես ասում է Ավետարանը (Մատթ. 25.31-33):

loading...