Երեկ Երևան մոլում հավաքվել էին Արամ Mp3-ի երգարվեստի երկրպագուները, ովքեր առաջինը դիտեցին երգչի նոր՝ «Սկսեցինք» տեսահոլովակը: Մինչ համերգային մասին անցնելը երգիչը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական կազմին, ովքեր աշխատել էին տեսահոլովակի ստեղծման վրա: Երաժշտությունը գրել է Արամը, խոսքերը՝ Ֆելիքս Խաչատրյանը, ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ երաժշտական պրոդյուսերը Լազզարոն է, ով ներկա չէր շնորհանդեսին:
Արամի տեսահոլովակում նկարահանվել են Պոնչը (Տարոն Իսպիրյան), Դիանա Շատվերյանը, Լուիզա Ներսիսյանը, Գոռ Բարսեղյանը, Գոռ Մարգարյանը և Վան Գրիգորյանը: Արամը BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց տեսահոլովակի ստեղծման մասին. «Երգը ստեղծվել է ամռանը, առաջարկը՝ նման երգ անելու, եղել է Լազզարոյի կողմից, նա էլ արել է գործիքավորումը: Երգն այնքան տրամադրող էր, որ որոշեցինք անել հումորային տեսահոլովակ, պոզիտիվ նոտաներ»:
Արամը Ֆելիքս Խաչատրյանի հետ առաջին անգամ է համագործակցում, չնայած երկար տարիներ է՝ ծանոթ են. «Մինչ այս համագործակցություն նրա հետ չի եղել, նա շատ տաղանդավոր է: Երգի բառերը գրել է Ֆելիքսը մեկ ժամվա ընթացքում»:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Արամի տեսահոլովակում նկարահանվում են հայտնի մարդիկ, ովքեր, ի դեպ, Արամի ընկերներն են. «Քանի որ քասթինգի միջոցով պետք է երկար ընտրեինք տեսահոլովակի հերոսներին, որոշեցինք ընտրել այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես լավ են խաղում, իսկ ես իմ շրջապատում ունեմ լավ, տաղանդավոր ընկերներ: Համ էլ այսպես որոշեցինք փող խնայել :)))»