Լիաթոք ծիծաղն ու բարձր տրամադրությունը կրկին երաշխավորված են: Stand up-ը սկսում էնոր եթերաշրջանը: Հայաստանում առաջին անգամ հեռուստաէկրան բարձրացած Stand up ժանրի նոր հեռուստաարտադրանքը խոստանում է այս անգամ էլ զարմացնել ու հիացնելհեռուստադիտողին: Արդեն սիրված ստենդափերներ Աղասին, Գուգոյին, Մաշային այս եթերաշրջանում միանում է անսպասելի դեմք՝ հնդիկ երիտասարդ Շաֆին: Նրան հեռուստադիտողը հիշում է դեռ առաջին եթերաշրջանից. BlogNews.am-ի հետ զրույցում Շաֆին պատմել է հայաստանյան կյանքի ու նախագծում հայտնվելու մասին:

Շաֆին մոտ 6 տարի է, ինչ Հայաստանում է: Այս ընթացքում նա  հասցրել է բավականին ճամփորդել, այն էլ՝ ավտոստոպով: Այդ ճամփորդություններից մեկի ժամանակ էլ հանդիպել է այն մարդուն, ով իրեն ուղղորդել է դեպի Stand up. «Ուղղակի կանգնում էի ճամփեզրին և ձեռքս պարզում, իսկ բարի վարորդները համաձայնվում էին ինձ իրենց հետ անվճար տեղափոխել մի վայրից մյուսը։ Հայաստանի գրեթե բոլոր մասերում եղել եմ։ Ճամփորդություններից մեկի ժամանակ ընկերներիցս մեկն ինձ ասաց․ «Եղբայր, դու պետք է սթենդափներ անես, համոզված եմ՝ մարդիկ շատ կսիրեն քեզ», ես էլ մտածեցի՝ իսկ ինչու ոչ։ Նա ինձ ծանոթացրեց հայտնի սթենդափեր Լյուսի Ալեքսանյանի հետ, ում միջոցով էլ ծանոթացա պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ, և այդպես սկսեցինք աշխատանքները»։

Շաֆին խորհուրդ է տալիս՝ եթե դժվարանում եք որևէ մեկին ասել ճշմարտությունը, ապա դա անելու լավագույն եղանակը հումորն է. «Սթենդափների ժամանակ հիմնականում խոսում եմ մարդկանց կյանքի ու ապրելաոճի մասին` հիմնվելով սեփական փորձիս վրա։ Ուսումնասիրում եմ, թե տարբեր մարդիկ ինչպես և ինչ կյանքով են ապրում, ինչ սովորություններ ունեն։ Ընդ որում՝ ոչ միայն խոսում եմ հայերի կամ հնդիկների, այլ նաև տարբեր ազգերի մասին, քանի որ, բացի Հայաստանից, եղել եմ շատ այլ երկրներում։ Սովորաբար նաև համեմատականներ եմ անցկացնում տարբեր ազգերի միջև»:


loading...