Նոր ծրագրերի, բաց տեսարաններում նկարահանվելու, ինչպես նաեւ հանդիսավարությամբ զբաղվելու եւ որպես երգչուհի ներկայանալու մասին Life.panorama.am-ը զրուցել է Գրիշա Աղախանյանի կնոջ՝ դերասանուհի Շողեր Թովմասյան հետ:  

-Շողեր, այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Հիմա նկարահանվում եմ «Վերջին գործարք» 24 մասից բաղկացած հեռուստասերիալում, որն առաջիկայում եթերում կլինի:

-Նկատելի է, որ այնքան էլ հաճախ չեք նկարահանվում, առաջարկներն են քիչ, թե դուք եք դրանցից հրաժարվում:

-Առաջարկներ պարբերաբար լինում են, սակայն ոչ միշտ եմ դրանք ընդունում: Եթե կերպարն իմ սրտով չեղավ, ես այն չեմ ներկայացնի: Խոսքը գլխավոր կամ երկրորդական կերպարների մասին չէ, պարզապես այն ինձ պետք է դուր գա եւ վերջ: Ի դեպ՝ որեւէ կերպար ընտրելիս, պարտադիր հաշվի եմ առնում առաջինն իմ  ընտանիքի, մասնավորապես ամուսնուս, հետո նաեւ հասարակության կարծիքը:

-Այսինքն՝ կարելի՞ է ենթադրել, որ բաց տեսարաններում չեք նկարահանվի:

-Գիտեք, ես չեմ նկարահանվի վուլգար տեսարաններում: Վուլգարությունը ցանկացած պարագայում չեմ սիրում: Ես անհատ եմ, բայց ազատ չեմ իմ կարծիքի մեջ, քանի որ ունեմ ամուսին, երեխա ու ծնողներ, եւ երբեք չեմ անի բաներ, որ իրենք նեղվեն դրանից: Ինձ համար շատ կարեւոր է, որ բաց տեսարանները արդարացված լինեն: Եթե դա արվելու է ուղղակի վարկանիշի համար, ապա ես չեմ խաղա այդտեղ, իսկ եթե դա լինի գեղարվեստական ֆիլմ, որտեղ դերը պահանջի ու դա արդարացված կլինի, գուցե եւ համաձայնեմ, իհարկե, խորհրդակցելով ամուսնուս հետ: Յուրաքանչյուր պարագայում սիրում եմ պահպանել չափավորությունը:

-Մեր դերասանները հաճախ են խոսում այսօրվա վարձատրությունից: Հետաքրքիր է՝ Ձեզ բարձր վարձատրվող դերասանուհի համարո՞ւմ եք:

-Իմ քիչ փորձով հանդերձ՝ ինձ համարում եմ բարձր վարձատրվող դերասանուհի:

-Նկատելի է, որ հիմնականում բացասական հերոսուհիներ եք մարմնավորում: Ինչի՞ հետ եք կապում այդ միտումը:

-Թեեւ առաջիկայում դրական կերպարով եմ հանդես գալու, բայց իսկապես, ճիշտ եք, ինձ ռեժիսորները հիմնականում բացասական կերպարներ են վստահում: Ինքս չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված, գուցե արտաքինս է հուշում, կամ ռեժիսորներն են այդպես զգում: Ինձ համար դերի բնավորությունը կապ չունի, գլխավորը ճիշտ խաղալն ու ասելիքդ տեղ հասցնելն է:

-Շողեր, վերջին շրջանում նաեւ հանդիսավարությամբ եք զբաղվում: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք այդ ոլորտում էլ ներկայանալ:

-Այո, արդեն երկու տարի է, ինչ տարբեր միջոցառումներ ենք վարում: Ինչպես Գրիշայի, այնպես էլ այլ դերասանների հետ դուետներով ենք վարում հարսանիքներ, ծնունդներ կամ այլ ընտանեկան, կորպորատիվ միջոցառումներ: Սա աշխատանք է, որը դերասանին ավելի է հմտացնում իր գործում: Այս միջոցով կարող ես նաեւ զարգացնել բեմական խոսքդ, որը սովորում ես  դեռ ինստիտուտում՝ դերասանի մասնագիտությունը յուրացնելիս: Այսինքն՝ հանդիսավարությունը դերասանի մասնագիտության հետ սերտորեն կապ ունի: Սա նաեւ դերասանին հնարավորություն է տալիս ավելի շատ գումար աշխատել: Իսկ նրանք, ովքեր քննադատում են, որ դերասանները սկսել են հանդիսավարությամբ զբաղվել, թող ընդունեն, որ մենք կինոյում կամ թատրոնում այնքան չենք վարձատրվում, որ հրաժարվենք մյուս աշխատանքներից:

-Շողեր, վերջերս Ձեզ փորձում եք նաեւ երգարվեստում: Ի դեմս Ձեզ՝ նոր երգչուհի՞ ենք ունենալու:

-Ձայնային տվյալներիս մասին դեռ փոքրուց գիտեի, հետո ինձ փորձեցի նաեւ ուսանելուս տարիներին եւ միայն վերջերս որոշեցի, որ կարող եմ նաեւ երգով ներկայանալ: Մի բնավորություն ունեմ, եթե որեւէ բան եմ անեմ, պետք է շատ լավ արդյունք ունենամ, հակառակ դեպքում չեմ անի: Այդ իսկ պատճառով հիմա դեռեւս աշխատում եմ տվյալներս ավելի զարգացնելու ուղղությամբ, իսկ առջեւում գուցե տեսահոլովակով ներկայանամ:   

-Գրիշան ի՞նչ կարծիք ունի Ձեր նոր հետաքրքրության վերաբերյալ:

-Նա ազատ է թողել ինձ իմ որոշումների մեջ, քանի որ գիտի ամեն ինչ կանեմ լավ արդյունքի հասնելու համար: Նա ինձ մշտապես սատարում ու ոգեւորում է:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...