Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը Թայլանդում իր ամառային հանգիստն անցկացնելուց բացի հասցրել է նաև տեսահոլովակ նկարահանել «Բախտի նվեր» երգի հիման վրա։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ տեսահոլովակը նկարահանվել է ոչ միայն Թայլանդում, այլև Սևանում, սակայն դա հատուկ մտածված չի եղել։
«Որոշեցինք անել մի բան, որ էկրաններից այն կողմ մարդիկ կարողանան աչքերը փակել ու պատկերացնել տաքությունը, սերը։ Հայաստանում արդեն անկյուն չի մնացել, որը չի նկարվել, դրա համար միքս արեցինք»,– ասաց Զարուհին։
Երգչուհու կարծիքով` Թայլանդը Հայաստանից այդքան էլ չի տարբերվում, եթե չընդգծվի արմավենիների առկայությունը։ Զարուհին նկատեց, որ տեսահոլովակը նկարահանվել է մինիմալիստական ոճի մեջ։ Այնտեղ երևացող հագուստի գույնն էլ պատահական չի ընտրվել. «Արև, սեր, ուրախություն, ժպիտ... այդ ամենն ինձ մոտ ասոցացվեց դեղինի հետ։ Զգեստի խաղն ու թեթևությունը համապատասխանում էր երգին»։
Տեսահոլովակի հերոսն ու հերոսուհին ստվերներով են երևում։ Տղան` Էդվարդ Կարապետյանը, առաջին անգամ էր նկարահանվում տեսահոլովակում, իսկ աղջիկը բոլորին քաջ հայտնի Սոֆի Դևոյան կրտսերն էր` Զարուհու դուստրը։ Սոֆիի ընտրությունն այս կերպարի համար պատահական չէր։ «Քանի որ մեզ մի փոքր պարային էլեմենտներ էին պետք, հասկացանք, որ Սոֆին շատ համապատասխանում է։ Նա էլ համաձայնվեց ու նկարահանվեց»,– պատմեց նա։
Զարուհին նկատեց, որ չեն ցանկացել հատուկ շեշտել Սոֆիի ներկայությունը տեսահոլովակում։ «Ի սկզբանե, ընդհանրապես, չպետք է երևար, որ հերոսուհին Սոֆին է, բայց ընթացքում եղան լուսանկարներ, ռակուրսներ և գաղտնիքը բացահայտվեց։ Ցանկացանք սիլուետային անել, որպեսզի ռոմանտիկ սիրո պատմության չվերածվի»,– նշեց երգչուհին ու հավելեց, որ չի ցանկացել սիրային սյուժետային գիծ ներկայացնել տեսահոլովակում, պարզապես, ընտրել են երիտասարդ զույգի, ովքեր շարժումներով կկարողանան փոխանցել սերը։
Ինչ վերաբերում է երգի ընտրությանը` նա ասաց, որ հատուկ այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելն այդքան էլ կարևոր չէր իր համար։ «Ուղղակի սիրո պատմություն էր։ Մեզ թվում է, որ սիրո մասին խոսելն արդեն ավելորդ է, բայց ամեն անգամ համոզվում եմ, որ սիրո մասին կարելի է խոսել ու երգել անընդհատ»,– եզրափակեց երգչուհին։
Աղբյուրը՝ tert.am