X Factor նախագծի ֆինալիստ Արտյոմ Հակոբյանը` Տյոմը, վերջերս մասնակցել է Կրասնոդարում անցկացվող Имя 2017 փառատոնին, որում իր խոսքով` հաղթել է, սակայն «Գրան պրին» տվել են այլ մասնակցի։

Tert.am Life-ի հետ զրույցում Տյոմը պատմեց, որ փառատոնին մասնակցել է իրենց հրավերով։

«Իրենք էին հրավիրել, բայց մեկնել եմ իմ հաշվին։ Այնտեղ պարզվեց, որ փառատոնի միակ մասնակիցն արտերկրից ես էի։ Մյուս մասնակիցները Ռուսաստանի տարբեր քաղաքներից էին։ Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կար, քանի որ, օրինակ, փոփ երգչուհուն մրցանակ էին տալիս ֆոլկ ժանրում»,– ասաց նա։

Տյոմը նշեց, որ փառատոնի ժյուրիի կազմում եղել են 3 երաժիշտ`ԱՄՆ–ից Vinx-ը, Karl Frierson-ը և Ռուսաստանից Անատոլի Վինոկուրը։

 

«Մրցութային առաջին օրը երգեցի Human-ը և ստացա 10, 10, 9 միավոր։  29 միավորն այդ օրվա առավելագույն ցուցանիշն էր։ Իրենք ասում էին, որ առաջին օրվա միավորները պետք են եզրափակիչ անցնելու համար։ Կազմակերպիչներն ինձ ասում էին, որ ժյուրին ամենից շատ խոսում էր իմ մասին։ Երկրորդ մրցութային օրը կատարեցի Tonight Again երգը և ստացա 10, 10, ժյուրիի երրորդ անդամը` Կառլը, միաժամանակ բարձրացեց 5 և 9 միավորներ։ Հաղորդավարը հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ ստացա 34 միավոր` առավելագույն միավորը։ Դրանից հետո կուլիսներում իրենք ինձ ասացին` «Գրան պրին» ես եմ շահել։ Երրորդ օրը ոչ մրցութային էր` գալա համերգն էր, որին կատարեցի Impossible երգը։ Գալա համերգից հետո ինձ տվեցին երկրորդ տեղի մրցանակը։ Բնականաբար, բեմից իջա վրդովված և բացատրություն պահանջեցի։ Սկզբում բոլորը փախչում էին ինձանից։ Ինձ ասացին` մենք էլ գիտեինք այդպես է, սակայն Կառլն իր մոտ գրել էր 9,5 միավոր։ Իրականում, նա սկզբում պահել էր  5-ը, ինչը երևում է անոնսի նկարում։ Այդ ժամանակ համերգից արդեն 2 օր էր անցել։ Ինձ ասացին, որ Կառլն ուզում է խոսել ինձ հետ, ասացի, որ ցանկություն չունեմ խոսել, որովհետև ինձ արդեն տվել են երկրորդ տեղը։ Եթե նույնիսկ սխալմունք էր եղել, Կառլը ինձ մինչև այդ պետք է բացատրություն տար։ Եթե ինձ իսկապես նշանակել էր 9,5 միավոր, կարող էին ի սկզբանե ասել, որ սխալմունք է եղել։ Ես դա կհասկանայի, սակայն այս դեպքում ես հասկացա, որ այդպես են ասում, որպեսզի հաղթանակը ռուս մասնակցին տալն արդարացված լինի»,– ասաց երգիչը։

 

 

Մեր հարցին` ժյուրին իրավունք ունե՞ր 14 միավոր  տալ, եթե առավելագույն միավորը 10–ն է, Տյոմը պատասխանեց, որ իրենք առավելություն էին տալիս արտերկրից ժամանած հյուրերին։ «Փաստացի, իրենք դրել են, հաղորդավարը հայտարարել է դա, ժյուրիի կազմում կար ռուս անդամ։ Եթե սխալմունք էր եղել, նա կարող էր ասել, որ սխալմունք է։ Եթե, օրինակ, 14–ը խախտում էր, 9.5–ն էլ է խախտում, որովհետև, ըստ կանոնակարգի, դա էլ չկա»,– ասաց նա։

Տյոմը նշեց, որ «Գրան պրիի» մրցանակակիրը ստացել է  2000 դոլար։ «Ես այլ բան չեմ պահանջում, պահանջում եմ իմ նվաճած մրցանակը։ Մրցանակային ֆոնդը կազմում էր 2000 դոլար և արդեն պարզ է, թե այնտեղ ինչ է կատարվել։  «Գրան պրին», փաստացի, ես էի շահել, սակայն այլ մասնակից ստացավ»,– կարծում է Տյոմը։

Երգիչը նշեց, որ ամենակարևորը, հանդիսատեսն իրեն շատ ջերմ է ընդունել։ Նա նաև շնորհակալություն հայտնեց իր խմբի ղեկավար Շուշանիկ Արևշատյանին, ով չնայած X Factor–ի ավարտին` ամեն հարցում սատարում է իրեն։


Աղբյուրը՝ tert.am

loading...