Երաժշտության եւ տեքստի համադրություն, երիտասարդ եւ ավագ սերունդների համագործակցություն՝ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը երեկ ազդարարվեց հոլիվուդյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով: Մալկովիչը բեմ եկավ առանց լուսավորության դահլիճում, բայց դա հանդիսատեսին չխանգարեց զգալ նրա ներկայությունը: Նրա առաջին բառերն էլ հնչեցին մթության մեջ, երբ լույսի խաղով բոլորի ուշադրության կենտրոնում դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան էր:

Ջոն Մալկովիչը եւ Անաստասիա Տերենկովան


Նվագախումբ, երաժիշտներ եւ Ջոն Մալկովիչ. թատրոնի ոչ մի էֆեկտ օգտագործված չէր համերգի ընթացքում: Բեմում միայն երաժշտությունն ու խոսքն էին: Յուրօրինակ ու էքսպերիմենտալ այս ժանրը վաղուց իր տեղը հաստատել է աշխարհում, սակայն Հայաստանում այն նոր է տարածում վայելում: Բայց մինչ Մալկովիչը հանդես կգար իր զեկույցով, հանդիսատեսը մոտ 30 րոպե հնարավորություն ունեցավ ունկնդրելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Նրանց կատարմամբ հնչեց Էդվարդ Միրզոյանի` լարայինների և գոսերի համար սիմֆոնիան, գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի: Այս ողջ ընթացքում Ջոն Մալկովիչը կուլիսներից հետեւում էր նվագախմբի ելույթին, լսում ու պատրաստվում: Իսկ իր ելույթի ժամանակ նա ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը: Նրա խոսքն ուղեկցվում էր Երիտասարդական նվագախմբի կատարմամբ, հնչում էր Ալֆրեդ Շնիտկեի՝ դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար կոնցերտը: 

Սերգեյ Սմբատյանի եւ Ջոն Մալկովիչի համագործակցությունը սկսվել է դեռեւս 2015 թվականից.«Այս գործն առաջին անգամ կատարել ենք Սեուլում՝ Կորեայի կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր: Վերջերս շրջագայություն ենք ունեցել Եվրոպայում: Սերգեյը, դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան եւ ես շրջագայությամբ հանդես ենք եկել նաեւ Արգենտինայում»,-իր երեւանյան ասուլիսի ընթացքում նշել էր Ջոն Մալկովիչը:

Նազենի Հովհաննիսյանը


Նրա խոսքով` տեքստը երաժշտության հետ համադրելը մարտահրավեր է, որտեղ տեքստը չի փոխարինում երաժշտությանը, ոչ էլ հակառակը, դրանք փոխլրացնում են միմյանց.«Ստեղծագործության իմաստը, կարծում եմ, այնպիսին կլինի, ինչպիսին յուրաքանչյուր ոք կընկալի: Այստեղ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ հերոսը վստահ է՝ աշխարհը կառավարում են կույրերը: Իհարկե, դա փոխաբերական իմաստով է ասվում»,-նկատել էր նա:

Համերգից դեռ օրեր առաջ հայտարարվել էր, որ Ջոն Մալկովիչն անակնկալ է նախատեսել հատուկ հայ հանդիսատեսի համար: Խոստացված անակնկալը եղավ միջոցառման ավարտին, երբ երեկոյի գլխավոր հերոսը հատվածներ ընթերցեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Անգլերեն տեքստը Մալկովիչի կատարմամբ հնչում էր նույնքան ազդեցիկ, որքան կհնչեր գրաբարյան հայերենով: Այդ ընթացքում նվագախմբի կատարմամբ հնչում էր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիան: 

«Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ եւ այն ներկայացնել համերգին, պարզվեց, որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն: Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»,- լրագրողների հետ զրույցում նշել էր Սերգեյ Սմբատյանը:

Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը


Հայ հանդիսատեսը Ջոն Մալկովիչին ճանապարհեց հոտնկայս ծափողջյունների ուղեկցությամբ: Ներկաներից ոմանք գուցե չհամաձայնեին Սաբատոյի տեսության հետ կամ առաջին հայացքից այն փոքր-ինչ անհասկանալի համարեին, բայց Մալկովիչի ազդեցիկ ելույթը չհավանել չէին կարող: Դրա մասին էին վկայում մի քանի րոպե տեւող ծափահարություններն ու բրավոները, որոնք շարունակվում էին նույնիսկ երբ Մալկովիչն արդեն բեմում չէր: 

Առջեւում սպասվում են բազմաթիվ սիմֆոնիկ եւ կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաեւ պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված «Խաչատրյանը եւ ջազը» համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Նշենք, որ Խաչատրյանի անվան փառատոնն այս տարի նվիրվում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: 


Աղբյուրը՝ Bravo.am

loading...