«Կենտորն»-ի «Մեղրամիս» սերիալում Լյուսիին մարմնավորող Դիանա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրուցել է կերպարի փոփոխության, Թբիլիսիում անցկացրած հանգստի, անձնական նորությունների մասին, և ոչ միայն:

«Չեմ սիրում անընդհատ կրկնվող դերեր, ուրախ եմ, որ այս կերպարս էապես տարբերվում է մյուսներից: Երբ կերպարը նկարահանումների ընթացքում փոփոխությունների է ենթարկվում, դերասանը չի հասցնում ձանձրանալ, այլ հակառակը՝ ամեն անգամ նոր ոգևորությամբ է ներկայանում: Լյուսին սերիալի սկզբում չար աղջիկ էր, ով իր բոլոր դժբախտությունների մեջ ուրիշներին էր մեղադրում, իսկ հիմա փոխվել է, բարիացել: Նոր սեր է գտել»,-պատմել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ հանրային վայրերում հաճախ է դրական կարծիքներ լսում իր մասին. «Փողոցում շատ-շատ են ինձ անծանոթ մարդիկ մոտենում ու լավ-լավ բաներ ասում: Համեստ աղջկա ու դերասանուհու տպավորություն եմ թողել: Ասում են՝ ինձ շատ են սիրում, ինչի համար շատ ուրախ եմ»:

Դիանան հաճախ «Քաղաքում» սերիալում իր կերտած կերպարի՝ Իռենչոյի հետ են նույնացնում.«Ցանկացած դերի մեջ դերասանն ինքն իրեն է տեսնում, որ կարողանա հնարավորինս բնական խաղալ: Խաղացածս բոլոր կերպարների մեջ ինձնից մի ինչ-որ բան կա»:

Դերասանուհին նշել է, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու ցանկություն ունի, բայց առաջարկներ այս պահին դեռ չկան.«Շատ եմ ուզում, որ մեր կինոշուկայի մակարդակը մի փոքր բարձրանա: Երազում եմ, որ ամեն մարդ զբաղվի իր գործով, ցավոք, հիմա ամեն սերիալում ու ֆիլմում ավելի շատ դերասանի մասնագիտության հետ կապ չունեցող մարդիկ կան: Մեկ-մեկ ամաչում եմ, որ հա՛մ իրենց են դերասան անվանում, հա՛մ մեզ, որ այդքան տարի սովորել ենք, մասնագիտական կրթություն ստացել: Հիմա ամեն երկրորդ սիրուն աղջիկն ու տղան ֆիլմի կամ սերիալի գլխավոր դերակատարներ են, ինչն, ըստ իս, ճիշտ ու արդար չէ»:


Աղբյուրը՝ 168.am

loading...