Դերասան Ալեքսանդր Բաբասյանին հաճախ են նմանեցնում «Ի՞նչ կոչել այս սերը» հնդկական հեռուստասերիալի գլխավոր դերասան Ավինաշ Սաչդևին։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ Ալեքսանդրը միտումնավոր է փորձում նմանվել նրան։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ արտաքին նմանության մասին ինքն էլ է լսել, սակայն այն, որ ինքը նմանակում է դերասանին, իր համար նորություն էր։ «Հնդկական սերիալներ չեմ նայում, երկրորդն էլ մեր «Կայարան» հեռուստասերիալը շատ ավելի վաղ ժամանակներից է ցուցադրվում, քան հնդկական սերիալները։ Ես էլ եմ լսել, որ ինձ շատ են նմանեցնում, բայց առաջին անգամ եմ լսում, որ ես նմանակում եմ։ Արտաքին նմանություններ գիտեմ, որ գտել են։ Բազմաթիվ նամակներ եմ ստանում, տարբեր հեռուստադիտողներ նկարները նմանեցրած ուղարկում են։ Ինձ համար բացահայտում էր, որ ես կարող եմ ինչ–որ մեկին նմանակել»,– ասաց նա։

Ալեքսանդրի խոսքով` բազմաթիվ լավ դերասաններ կան ամբողջ աշխարհում, սակայն ինքը որևէ մեկին նմանակել չի ցանկանում. «Որպես դերասան` ես փորձում եմ առանձնանալ ու չեմ սիրում նմանվել  ո՛չ հայ, ո՛չ եվրոպական, ո՛չ հոլիվուդյան որևէ դերասանի։ Բայց, իհարկե, բարձրակարգ դերասանների խաղը նայելով, կարելի է դասեր քաղել»։


Աղբյուրը՝ 168.am

loading...