2 տարվա դադարից հետո Սիլվա Հակոբյանը հոկտեմբերի 22–ին երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը «Սիրիր ինձ» երգի հիման վրա։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել տեսահոլովակի առաջին լուսանկարներն ու պատմել նոր աշխատանքի մանրամասները։
Թեև այս տարիների ընթացքում Սիլվան չի դադարել աշխատել և մեկնել համերգների, նոր աշխատանքներ երգչուհին չէր ներկայացնում։ Պատճառը զբաղվածությունն էր։ Երգչուհին փաստում է, որ թեև նորություններով աչքի չի ընկել, երկրպագուների սերն ու ուշադրությունը չի պակասել։
«Վերադարձա։ Խոստանում եմ, որ այլևս այսպիսի դադարեր չեն լինի։ Իհարկե, այս 2 տարվա ընթացքում ես չեմ նստել տանը, «գժական» գրաֆիկ եմ ունեցել, սակայն ժողովրդին պետք է տեսանելի աշխատանք ցույց տալ։ Կարծում եմ` եթե 5 տարի էլ լռեի, ժողովուրդն ինձ չէր մոռանա, որովհետև իրենց մեջ իմ հանդեպ հավատարմություն կա, ինչի համար շատ շնորհակալ եմ»,– նկատեց երգչուհին, ում 11 տարվա գործունեության ընթացքում այս 2 տարին ամենաերկար դադարն էր։
«Սիրիր ինձ» երգը հեղինակել է Մանե Հակոբյանը։ Երաժշտությունը նա գրել էր մոտ 3-4 տարի առաջ, սակայն երգը սպասում էր իր հերթին ու ժամանակին։ «Ամեն երգ իր ժամանակն ու ճակատագիրն ունի։ Այս երգն իմ սիրելի երգերից մեկն է, շատ էի ուզում այն կատարել, սակայն խոսքերը գրվեցին ավելի ուշ։ Այս երգն իմ սիրո մասին է։ 2 տարվա լռությունից հետո մեզ պետք էր այնպիսի երգ, որը կլիներ երջանիկ սիրո մասին, որպեսզի ներկայացներ այն, ինչ կա իմ հոգում։ Հասկացանք, որ այս երգից լավ տարբերակ լինել չի կարող»,– պատմեց երգչուհին, ապա հավելեց, որ քույրիկին չի ուղղորդել` ինչպես գրել իր համար թանկ երգի խոսքերը։ «Մանեն այնքան լավ է ճանաչում ինձ, որ լավագույնս հասկանում է իմ ապրումները»,– նշեց Սիլվան։
Ամուսինն էլ անմիջապես հավանել է սիրելիի նոր աշխատանքը. «Երբ Նորոն առաջին անգամ լսեց, սիրահարվեց երգին` անկախ նրանից, որ այն արտահայտում է մեր սիրո պատմությունը»։
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, այն սյուժետային գիծ չունի։ «Երկար էինք մտածում` ինչ նկարահանել։ Երգն այնքան ջերմություն ու իմաստ ունի, որ որոշեցինք սյուժե, որպես այդպիսին, չլինի։ Կան գույներ, պար, վառ տրամադրություն։ Պարային տեսարաններում ես չեմ նկարահանվել, քանի որ իմ պարելու կարիքը չեղավ։ Ռեժիսորը դա անհրաժեշտ չհամարեց, իսկ ես վստահում եմ իրեն»,– ասաց երգչուհին։
Անդրադառնալով մեղեդու ռիթմին` Սիլվան ասաց, որ այն ոչ մեղեդային, դանդաղ երգ է, ոչ էլ ռիթմիկ։ «Ֆլամինգո է ստացվել։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե այն, ինչ իմ ինտուիցիան հուշում է, ճիշտ լինի. կարծում եմ` երգը կսիրվի, քանի որ հիթային հատկանիշներ ունի, երբ լսում ես ժպտում ես ու տպավորվում է»,– ասաց Սիլվան։
2 տարի անց երգչուհին վերադառնում է ոճային փոփոխությամբ։ Նա առաջին անգամ է էական փոփոխություն անում վարսահարդարման մեջ` հրաժարվելով երկար վարսերից։ Թեև կանանց մոտ այսպիսի փոփոխությունները սթրեսով են ուղեկցվում, Սիլվան իր հոգեվիճակին համապատասխան ժպիտով է գնացել փոփոխության և շատ գոհ է, ամուսինն էլ հավանության է արժանացրել նրա որոշումը։
«Ոճային փոփոխությունը տեսահոլովակի համար ենք արել, սակայն մինչև պրեմիերան չկարողացանք պահել դա, քանի որ այս ընթացքում համերգներ եղան։ Արթուր Մանուկյանի և Արմեն Գալյանի առաջարկով արեցինք այդս փոփոխությունը, ինչի համար շատ ուրախ էի, որ պետք է կտրեի մազերս։ Վաղուց էր պետք ոճային փոփոխություն անել և կարծում եմ` ինձ շատ սազում է այն, ինչ արել եմ»,– նկատեց երգչուհին։
Աղբյուրը՝ 168.am