Սիրային եռանկյունի, որի կիզակետում դերասանուհի Անի Երանյանն է: «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլերը հոկտեմբերի 21-ից կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում: Մինչ այդ դրամայի գլխավոր հերոսուհին BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է կերպարի, խաղընկերների, ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ համագործակցության ու այլ մանրամասների մասին:
Անին Ելենայի հետ աշխատելու փորձ վաղուց ուներ, սակայն տևական ժամանակ դադարել էր նրանց համագործակցությունը. «Կարոտել էի Ելենայի հետ աշխատելուն: Պատճառներից մեկն էլ երևի թե դա էր, որ ընդունեցի ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Ինչպես նախկինում է, այնպես էլ հիմա իր նկարահանման հրապարակում տիրում է պրոֆեսիոնալիզմ, որովհետև ամեն մարդ, ով աշխատել է նրա հետ, գիտի Ելենայի աշխատելաոճը: Քեզ՝ որպես դերասանուհի, լավ ես զգում նկարահանման հրապարակում, հետդ աշխատում են: Եթե ինչ-որ տեսարան բարդ է, կամ դու չես հասկանում, կամ էլ պատրաստ չես տվյալ տեսարանին, ինքը՝ որպես ռեժիսոր, կարողանում է քեզ բերել այն հոգեվիճակին, որ հասկանաս կերպարը ու կարողանաս ճիշտ մատուցել»:
Հետաքրքիր ու միաժամանակ բարդ կերպար. այսպես է բնորոշում Անին այն դերը, որը մարմնավորում է ֆիլմում: Փակագծերը բացել չի ցանկանում, ասում է՝ անակնկալ է լինելու. «Երկու տարբեր կերպարների եմ մարմնավորում: Սոսի մոտ ես լրիվ ուրիշ մարդ եմ, Խորենի հետ՝ միանգամայն այլ: Սրանից ավելի կերպարը բացել չեմ կարող»:
Ֆիլմում Սոս Ջանիբեկյանի ու Խորեն Լևոնյանի հետ Անին առաջին անգամ է նկարահանվում: Ասում է՝ դժվարություններ չեն եղել՝ շնորհիվ խաղընկերների պրոֆեսիոնալ մոտեցման. «Ե՛վ Խորենի, և՛ Սոսի հետ առաջին անգամ էի աշխատում: Մինչև այս լսել էինք միմյանց մասին, սակայն, որպես այդպիսին, իրար հետ շփում չէր եղել: Ընդհանուր առմամբ՝ հեշտ էր: Սկզբում Սոսի հետ չէին ստացվում տեսարանները, կերպարային առումով որպես պարտնյոր չէինք զգում իրար, հետո արդեն նկարահանման հրապարակում այդ պատը քանդվեց, ու ամեն ինչ շատ լավ էր: Իսկ Խորենի հետ ամեն ինչ միանգամից է ստացվել»:
«Հետհաշվարկ»-ի անոնսը համացանցում հայտնվելուց հետո բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց: Վերջին օրերի հրապարկումները մեծամասամբ վերնագրված էին այսպես. «Անի Երանյանի կրքոտ համբույրը Խորեն Լևոնյանի հետ նոր սերիալում»: Անին, սակայն, համբույրի տեսարանն ամենևին էլ համարձակ քայլ չի համարում. «Ցավով պիտի նշեմ այն փաստը, որ ֆիլմի մեջ համբույրը կարող է մեծ քննարկումների առիթ դառնալ, որ կան դեռ մի քանիսը, ովքեր կերպարի քայլերը նույնացնում են ինձ հետ: Դերասանի աշխատանքը հենց ժողովրդի համար է, մենք օրուգիշեր աշխատում ենք հենց նրանց համար, ու քո հասցեին նմանատիպ արձագանք տեսնելը հաճելի չէ: Բայց, միևնույն ժամանակ, մի քանիսի համար պետք է հստակ պատասխան ձևավորել: Մի լավ խոսք կա. «Յուրաքանչյուր մարդ եթե սկսի իրենից, ժամանակ չի մնա դիմացինի կյանքին հասնելու»: Խոսում ենք հայի առաքելությունից, պատվից, շնորքից, ցավը տանեմ իմ հայ ժողովրդի, բայց պիտի նկատեմ մի քանիսի դաստիարակության, գեղեցիկ բառապաշարի ու չափից դուրս զբաղվածության հետևանքները: Դուք էլ ունեք մայր, քույր, աղջիկ երեխա: Զգույշ եղեք ձեր մեղադրանքներից, դիմացինի մեղքը առնելուց Աստծուց մի հեռացեք, այսինքն՝ խոսքս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր, ամբողջ օրը կայքերում նստած, սպասում են, թե սրան-նրան ինչպես վատաբանեն»:
Անին չշրջանցեց նաև հարցը, թե արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե նա տեղափոխվել է Մոսկվա՝ մշտական բնակություն հաստատելու. «Արդեն մեկուկես տարի է՝ Մոսկվայում եմ ապրում, Երևան եմ գալիս միայն նկարահանումների օրերին: Քանի որ ես անկանխատեսելի եմ, դժվար է ասել՝ երբևէ կրկին կվերադառնամ Հայաստան ապրելու, թե ոչ: Ուղղակի ցանկանում էի իմ կյանքում ինչ-որ բան փոխել, դրանով է պայմանավորված տեղափոխությունը»:
«Հետհաշվարկի» նկարահանումների ավարտից անմիջապես հետո դերասանուհին պատրաստվում է անժամկետ արձակուրդ գնալ: Բուռն աշխատանքային շրջանից հետո դերասանուհուն դադար է պետք կրկին լիցքավորվելու ու թարմ ուժերով վերադառնալու համար:
Աղբյուրը՝ BlogNews