«Արմենիա Պրեմիումի» եթերում «Ազիզյաններ» սիթքոմի երրորդ եթերաշրջանն արդեն մեկնարկել է: Life.panorama.am-ի հետ զրույցում Ազիզյանների ընտանիքի մայրը՝ Ռուզանը, ում մարմնավորում է դերասնուհի Անի Լուպեն պատմել է, որ կարճատև դադարից հետո  թիմը կարոտած է վերադարձել նկարահանումներին:

«Պետք է իսկապես, առանց անգամ փոքրիկ կեղծավորության խոստովանեմ, որ մենք բոլորս շատ էիք կարոտել մեր թիմը: Ընդունված է, որ դերասանները դրական են արտահայտվում իրենց թիմի մասին, քանի որ հակառակն ասել այնքան էլ ճիշտ չէ, բայց, անկեղծ, սա այդ դեպքը չէ: «Ազիզյաններ»-ում իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում, մենք չափազանց սիրում ենք միմյանց ու մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին»,- նշեց Անին:

Դերասնուհու խոսքով՝ երրորդ եթերաշրջանի ամեն մի սերիան նոր ուղղություն կմտցնի սիթքոմում:

«Իհարկե, սպասվում են նոր ու էլ ավելի ծիծաղաշարժ զարգացումներ, սակայն կերպաների բնավորություը չի փոխվել, այդ առումով ամեն ինչ նույնն է մնացել: Ռուզանը շարունակում է չլինել լավ տնային տնտեսուհի, մխսում է ամուսնու գումարները, բայց միաժամանակ շարունակում է սիրված մնալ»,- նշեց Անի Լուպեն՝ հավելելով.

«Մեր սիրթքոմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ցուցադրվում է ընտանեկան ջերմություն: Թեև կերպարներն իրենց բնավորություններով կատարյալ չեն և երբեմն անգամ անտանելի են, բայց ընտանիքում նրանք սիրված են: Մենք ցույց ենք տալիս նաև, որ կենցաղը չի պակասեցնում ամուսինների միջև սերը, ինչը, կարծում եմ, նաև օրինակելի է»:

Ռուզանի կերպարի մասին խոսելիս՝ Անի Լուպեն նշեց, որ նրա հետ նմանություններ չունենալն իրեն հետաքրքիր է.

«Երբ կերտածդ հերոսի հետ մեծ հաշվով ոչ մի նմանություն չունես, շատ ավելի հետաքրքիր է նրան մարմնավորելը: Չէ որ այդպես դու կերտում ես նոր մարդու, ով ունի քեզ անծանոթ բնավորության գծեր»,- նկատեց դերասանուհին:

Նրա խոսքով՝ հաջող աշխատանքին նպաստում են պրոֆեսիոնալ մասնագեները:

«Արման Մարությանի հետ առաջին անգամն եմ աշխատում և պետք է խոստովանեմ, որ նա հրաշալի մասանգետ է: Հայկի հետ աշխատելը ևս մեծ բավականություն է: Այստեղ հանդես գալով որպես դերասանուհի՝ ինչ-որ բաներ տալուց զատ, նաև շատ եմ սովորում: Ամենակարևորը, նկարահանումների ընթացքում լարվածություն չկա, ինչը ևս նպատասվոր հանգամանք է»,- հավելեց նա:

Սիթքոմից զատ, Անի Լուպեն խաղում է Երևանի Կամերային թատրոնում, որտեղ ներգրավված է նոր ներկայացումներում, իսկ երեկոյան ժամերին երգում է երևանյան ռեստորաններից մեկում:

loading...