«Դոմինո» սիթքոմը սկսել է իր վերջին եթերաշրջանի նկարահանումները: Սիթքոմը մոտ ապագայում կլինի եթերում, իսկ մինչ այդ Life.panorama.am-ը զրուցել է Նարեի դերակատար Արփինե Իսրայելյանի հետ:
Սիթքոմից արված կադրերում Արփինեն հարսի կերպարով է: Զրույցի սկզբում դերասանուհին նկատեց, որ հարսի զգեստով նկարահանվելու մեծ փորձ ունի:
«Այնպես է ստացվել, որ իմ դերասանական կարիերայի ընացքում մի քանի անգամ առիթ եմ ունեցել հարսի զգեստ կրելու, այսինքն՝ ինձ համար դա արդեն սովորական է դարձել: Այս անգամ էլ նոր լուսանկարները հուշում են, որ «Դոմինո»-ում Նարեն ամուսնանում է, բայց ասեմ, որ ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է, թող ամեն ինչ անակնկալ մնա»,- նշեց Արփինեն:
«Իրականում հարսի զգեստն ընտրել ենք ես, Հարութ Շատյանն ու մեր կորդինատորը: Իհարկե, իմ կարծիքն այս պարագայում շատ էին հաշվի առնում, քանի որ կրողը ես էի, բայց, ընդհանուր առմամբ, համատեղ աշխատանքի արդյունքում որոշումները կայացրինք»,- պատմեց դերասանուհին:
Արփինե Իսրայելյանը խուսափեց մանրամասներ հայտնել սիթքոմի հետագա զարգացումների մասին, բայց նշեց. «Սա սիթքոմի վերջին եթերաշրջանն է: Ինքս իրավունք չունեմ մանրամասներ հայտնելու, սակայն ասեմ, որ սպասվում է անմոռանալի, ծիծաղաշարժ, անսպասելի իրադարձություններով ու դեպքերով եթերաշրջան: Մեր ողջ թիմը կենտրոնացած է հաջող աշխատանք իրականացնելու վրա, որը հեռուստադիտողին միայն բարձր տրամադրություն կհաղորդի»:
Ի դեպ՝ Արփինե Իսրայելյանն այս շրջանում նաեւ նկարահանվում է Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգությունում:
«Այստեղ փոքրիկ դերով եմ հանդես գալիս: Գլխավոր հերոսուհու ընկերուհին եմ, նա շատ գործունյա ու ակտիվ կին է, բայց մանրամասներ կրկին կխուսափեմ հայտնել»,- նշեց նա, իսկ նկատառմանը, թե ինչի՞ հետ է կապված, որ դերասանուհին վերջին շրջանում հիմնականում հումորային նախագծերում է հանդես գալիս, պատասխանեց.
«Իրականում առաջարկները համընկան իմ ցանկությունների հետ: Այդպես ստացվեց, որ ինձ այս շրջանում հրավիրում են նման նախագծերում նկարահանվել, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ երկար տարիներ դրամատիկ դերերով եմ հանդես եկել: Այս փոփոխությունը ինձ շատ հաճելի է, քանի որ դերասանն էլ է ուզում բազմաժանր դերերով ներկայանալ»:
Խոսելով 1-ամյա որդու մասին՝ երջանիկ մայրիկը պատմեց, որ աշխատանքից զատ ողջ ուշադրությունը կենտրոնացրել է տղայի վրա. «Բալիկս շատ ակտիվ է, սկսել է վազվզել, մենք էլ իր հետեւից: Որդիս շատ ժպտերես է ու մարդամոտ, նա կարողանում է բոլորին ուրախացնել, բայց դրան զուգահեռ նաեւ պահանջկոտ է ու չափազանց հետաքրքրասեր: Սկսել է խոսել, իսկ սպասված մամա բառը ես դեռ վեց ամսականից եմ լսել»,- նշեց Արփինե Իսրայելյանը:
Աղբյուրը՝ Life.panorama.am