Հայաստանի մշակույթի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարսյանը շուրջ 11 ամիս ԱՄՆ-ում մնալուց հետո այս գիշեր վերադարձել է Հայաստան: Երգչուհու վերադարձը համընկել է նրա տարեդարձի հետ. այսօր Նադեժդա Սարգսյանը տոնում է ծննդյան 63-ամյակը:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ պատահական, բայց հաճելի համընկում է եղել, որ հենց տարեդարձի օրն է վերադարձել հայրենիք.

«Իրականում կարծում եմ, որ այս փաստը Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ «Դո-Ռե-Մի»-ի աշխատակիցներիր փոքրիկ խորամանկության հետ է կապված: Նրանց էի խնդրել, որպեսզի ինձ համար տոմս գնեն, իսկ հետո պարզվեց, որ հենց ծննդյանս օրը պետք է վերադառնամ: Ի դեպ՝ տեղյակ եմ, որ իմ անակնկալներն այսքանով չեն եզրափակվում, երեկոյան նրանք ինչ-որ բան են մտածել, որի մասին դեռեւս գլխի չեմ ընկնում»,- ժպիտով պատմեց Ն. Սարգսյանը:

Խոսելով ԱՄՆ-ում երկարատեւ բնակվելու պատճառների մասին՝ երջանիկ տատիկը նշեց.

«Անցյալ տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ում էի եւ դրա համար երկու պատճառ ունեի: Նախ այն, որ ծնվեց Էմմիի երկրորդ տղան, իսկ ես ուզում էի երկար ժամանակ անցկացնել թոռնիկներիս հետ, եւ բացի այդ առողջությանս հետ կապված որոշ բուժումներ պետք է անցնեի: Հիմա վերադարձել եմ, 1.5 ամիս անց անալիզներ կհանձնեմ, եթե ամեն ինչ լավ լինի, ապա կշարունակեմ Երեւանում մնալ, բայց եթե կարիք լինի կրկին որոշ բուժումներ անցնելու, ապա կվերադառնամ ԱՄՆ ու կշարունակեմ բուժումս: Այս ընթացքում չափզանց շատ էի կարոտում Հայաստանս, հիմա անկախ ինձնից մի խաչմերուկում եմ հայտնվել, որը շատ դժվար է»:

Հետաքրքրվելով, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանի ամենաակտիվ մշակութային գործիչը, եւ ի՞նչ փուլում է բուժման ընթացքը, պատասխանեց.

«Փառք Աստծո, կարծես թե ամեն ինչ դեպի լավն է գնում: Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ ինձ բուժում է Քրիստոսը, նրա ձեռքերով եմ այսօր տոնում տարեդարձս: Նույնը խոստովանում եմ նաեւ բժիշկներին, ու նրանք ինձնից չեն նեղանում, երբ ասում եմ, թե դուք չեք, որ ինձ բուժում եք, ինձ Աստված է բուժում: Հենց Տիրոջ ուղղորդությամբ էլ աշխարհի տարբեր երկրներում ես գտնում եմ բանիմաց մասնագետների»:

Նադեժդա Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ում թոռնիկների հետ անմոռանալի օրեր է անցկացրել.

«Երջանկություն էր, երբ ամեն առավոտ ավագ թոռնիկս գալիս էր ու ինձ արթնացնում, քանի որ սիրում էր, որ հենց ես նրան կերակրեմ: Պատկերացրեք, երբ նստեցի ինքնաթիռ, զգացի, որ արդեն շատ եմ կարոտել, հենց հասա Երեւան, անմիջապես զանգեցի թոռնիկս եւ երբ լսեցի նրա՝ «տատա» արտահայտությունը, ավելի ուժեղ կարոտ զգացի: Իմ երազանքն էր թոռնիկներիս տեսնել եւ ես տեսա, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն»,- նշեց նա:

Սիրված արտիստուհին ծննդյան օրը միայն մեկ երազանքի մասին է մտածում.

«Երազում եմ առողջ լինեմ, որպեսզի թոռնիկներիս կողքին լինեմ, կարողանամ նրանց մեծացնել: Հիմա Աստծուն խնդրում եմ, որ կարողանամ գոնե մի քանի տարի էլ աղջկաս ու թոռնիկներիս հետ լինել, իսկ մնացած ուժն ու եռանդը ունեմ: Ես իսկապես հույս ունեմ, որ կառողջանամ, ու ինչպես շատ երախաների եմ դաստիարակել, այնպես էլ իմ թոռնիկներին կկարողանամ ինչ-որ բան տալ»,- ավարտեց Նադեժդա Սարգսյանը:


Աղբյուրը՝ panorama.am

loading...