Ամռանը Life.panorama.am-ը պատմել էր, որ Վահե Սայանի «Մոռացված կանգառ» հեռուստասերիալը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի սեպտեմբերի 1-ից: Տեղեկությունները հայտնել էին դերասանական եւ ստեղծագործական թիմի մասնակիցները, սակայն հեռուստասերիալը նշված ժամկետում եթեր դուրս չեկավ: Դրա շուրջ ծավալված անորոշությունները ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց ռեժիսոր Վահե Սայանի հետ:
 
Հետաքրքրվելով, թե «Մոռացված կանգառն» ինչո՞ւ չհեռարձակվեց, երբ արդեն նկարահանված սերիաներ կային, ռեժիսորը պատասխանեց.
 
«Իրականում, ճիշտ եք, սերիալի մի մասը նկարված է, սակայն որոշ խնդիրների պատճառով հեռարձակման օրը մի քանի անգամ փոփոխվեց: Այդ փոփոխությունները ռեժիսորի իրավասությունների մեջ չեն մտնում, դա պրոդյուսերական հարց է, այն պետք է համընկնի հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության հետ: Քանի որ հեռուստասերիալն ինքն իրենով կոմերցիոն աշխատանք է համարվում, ապա կոմերցիան պետք է հարմար ժամանակում վաճառքի հանվի: Սերիալի պրոդյուսերը նաեւ հեռուստաընկերության տնօերնն է՝ Էդգար Ավագյան, նրա որոշմամբ պետք է հեռարձակման օրը ընտրվի: Մեր միջեւ անձնական բնույթի ոչ մի խնդիր չկա, մենք շարունակում ենք առողջ համագործակցությունը: Ի վերջո, նորմալ պրակտիկա է, որ նկարահանված նախագիծը ժամանակային առումով ուշ եթեր դուրս գա»:
 
Ռեժիսորը նշեց նաեւ, որ հեռարձակման օրը փոխելու հարցում նշանակություն է ունեցել նաեւ դերասանների հանգիստը: Նրա խոսքով՝ հիմնական գծերը տանող դերասանները երկարատեւ արձակուդների են մեկնել, ինչը եւս նպաստել է նախագծի ձգձգմանը: Նկարահանումները ինտենսիվ բնույթ չեն կրել:
 
Հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշում կայացվի եւ «Մոռացված կանգառը» առհասարակ չհեռարձակվի, պատասխանեց.
 
«Ամեն բան հնարավոր է, սակայն դրա հավանականությունը երեւի մեկ տոկոս է: Չեմ կարծում, որ ֆինանսավորող կողմը որոշում կայացնի ծախսած գումարները կորցնել, քանի որ բավականին քանակությամբ սերիաներ են նկարահանվել, որոնց վրա մեծ գումարներ են ներդրվել»: 
 
Զրույցի վերջում Վահե Սայանը նշեց, որ, ըստ այժմյան ծրագրերի, «Մոռացված կանգառը» եթերում կլինի նոյեմբերին, քանի որ նրա խոսքով՝ այլեւս խանգարող խնդիրներ չկան:
 

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...