Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Մովսես Երեմյանը, ով այժմ նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին:
 
- Մովսես, երկար ժամանակ էր, որ Ձեզ էկրաններին չէինք տեսնում, ինչո՞վ էր պայմանավորված այդ դադարը:
 
- Ճիշտ եք, որոշ ժամանակ ոչ մի տեղ չէի նկրահանվում, քանի որ նոր էի ամուսնացել եւ ուզում էի ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջս հետ: Բացի այդ կենտրոնացած էի պարի վրա, այս ընթացքում ես ու կինս մեր փոքրիկ խումբը բացեցինք, որտեղ երկուսս էլ դասավանդում ենք: Մենք այնպես ենք դասավորել, որ ողջ օրը միասին լինենք՝ օրը 24 ժամ:
 
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք չեղարկել էկրանային դադարը:
 
- Առաջարկ ստացա Դիանա Գրիգորյանից մարմնավորել նոր հեռուստասերիալի գլխավոր հերոսին: Հետո կարդալով սցենարն ու ծանոթանալով կերպարիս՝ որոշեի համաձայնել, քանի որ ամեն ինչ գոհացնող էր: Ուրախ եմ նաեւ, որ աշխատում եմ մի թիմում, որտեղ առողջ մթնոլորտ է, կա փոխադարձ հարգանք եւ արդյունավետ աշխատանք ստեղծելու մեծ ոգեւորություն:
 
- Ձեր հերոսի հետ նմանություններ ունե՞ք:
 
- Մեծ հաշվով բնավորության իմաստով նմանություններ չունենք, բայց ինչպես յուրաքանչյուր դեպքում, դերասանն իր հերոսներին որոշ բաներ է տալիս, որը չկա սցենարում: Իմ կերպարին տվել եմ իմ շարժուձեը, քայլվածքը, միմիկաները. Այս առումով նման ենք:
 
- Մովսես, դուք դաշտում փորձ ունեք, սակայն Ձեր խաղընկերուհիները՝ կինն ու Ռոզա Ֆիլբերգը, չունեն նկարահանվելու փորձ: Միմյանց կարողանո՞ւմ եք հեշտ հասկանալ:
 
- Կինս ԱՄՆ-ում դերասանի վարպետություն է ուսումնասիրել, նա մասնագիտությամբ դերասանուհի է, պարզապես նկարահանվելու փորձ չուներ: Իր գիտելիքների շնորհիվ կարողանում է նաեւ կադրում իրեն ճիշտ դրսեւորել, հետեւաբար ոչ մի խնդիր չենք ունենում, նրա հետ շատ հեշտ է: Ռոզան էլ, ճիշտ է, որպես դերասանուհի փորձ չունի, բայց շատ աշխատասեր է ու ամեն ինչ անում է լավ արդյունքի համար: Երկուսի դեպքում էլ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
 
- Իսկ անհարմարություն կամ կաշկանդվածություն չե՞ք զգում կնոջ հետ խաղալիս, հատկապես, որ ֆիլմում կարծես թե Ձեր սիրային գիծը նրա հետ չի զրգանալու:
 
- Թե ֆիլմն ինչպես կզարգանա, ինքս էլ չգիտեմ: Սկզբում ես էլ էի կարծում, որ դժվար կլինի կնոջս հետ խաղալը, բայց ամեն իչ զարմանալի հեշտ է ստացվում: Կաշկանդվածություն չկա, երկուսս էլ կարողանում ենք նկարահանման հրապարակում մի կողմ թողնել անձնականը, բայց նաեւ միմյանց համար շատ ցավել եւ հոգ տանել: Ամեն ինչ հրաշալի է, ինչպես բոլոր հարցերում, մենք իրար շատ լավ ենք զգում ու հասկանում:
 
- Մովսես, ի դեպ, վերջերս լուրեր տարածվեցին, թե Աննան հղի է, եւ դուք պատրաստվում եք ծնողներ դառնալ: Այս մասով այդպես էլ մեկնաբանություն չեք տվել. Հերքում կամ հաստատում կանե՞ք:
 
- Հերքում եմ, մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց Աստծո կամոք, շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ: Այս պահին ավելի շատ կենտրոնացած ենք աշխատանքի վրա, սակայն, եթե արժանանանք այդ օրհնությանը, ամենաերջանիկը կլինենք:
 
-  Բացի «Նռան հատիկը» հեռուստասերիալից, այլ ծրագրեր ու առաջարկներ ունե՞ք:
 
- Վերջերս նկարահանվել եմ «Վերջին գործարք» 25 մասանի ֆիլմում, որը շուտով կհեռարձակվի, բայց այդ մասին դեռեւս ոչինչ չեմ կարող հայտնել:

Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...