Ինչպես արդեն հայտնի է, ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը նոր ֆիլմ է նկարահանում, որի վերնագիրն է «Լյուդվիգ անունով ոզնին»: Սա ռոմանտիկ կատակերգություն է, որի գլխավոր հերոսուհին դերասանուհի Անի Ղազարյանն է՝ Մհեր Մկրտչյանի կինը:
 
Life.panorama.am-ը զրուցել է Անիի հետ եւ տեղեկացել, թե ինչպես դերասանուհին որոշեց բալիկի ծնունդից կարճ ժամանակ հետո չեղարկել աշխատանքային դադարն ու կրկին անցնել գործի:
«Բալիկս 7 ամսական է, արդեն կարիք ունեի վերադառնալ աշխատանքի, քանի որ որպես դերասանուհի՝ ինձ լիարժեք եմ զգում աշխատելիս»,- նշեց Անին:
Մեզ հետ զրույցում Անին շեշտեց, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում ընդգրկվելիս՝ ոչ մի առավելություն չի ունեցել մնացած դերասանների նկատմամբ:
 
«Իհարկե, հասկանալի է, որ կլինեն մարդիկ, ովքեր կմտածեն, թե ամուսնուս ֆիլմն է, եւ ես էլ առավելություն ունեմ մյուսների նկատմամբ, բայց իրականում դա իսկապես այդպես չէ: Պետք է անկեղծորեն ասեմ, որ ես մասնակցել եմ քասթինգի, անցել եմ համապատասխան փորձաշրջան, ապա շատ մեծ խնդիր եմ հաղթահարել, որից հետո միայն հաստատվեց իմ մասնակցությունը: Նշածս խնդիրը կապված էր ավելորդ քաշի հետ, քանի որ հղիությունից հետո մի փոքր գիրացել էի, ուստի պետք էր կարճ ժամանակում կորցնել ավելորդ քաշը, որն, ի ուրախություն ինձ, կարողացա հաղթահարել»,- նշեց Անին ու շեշտեց.
«Կրկնում եմ՝ ֆիլմում ես շարքային դերասանուհի եմ, մենք մեր ընտանեկան հարաբերությունները չենք բերում աշխատավայր: Գուցե շատերը չպատկերացնեն, բայց քառակի պատասխանատու եւ բարդ է խաղալ ամուսնուդ ֆիլմում, որովհետեւ ինչքան էլ փորձում ես անջատվել մտքից, որ բացարձակ ոչ մի անձնական առավելություն չկա, բայց, ամեն դեպքում, այս պարագայում կան շատ ավելի խանգարող հանգամանքներ: Այնուամենայնիվ, ես էլ, Մհերն էլ, հասուն մարդիկ ենք, եւ փորձում ենք տարանջատել գործնականն ու անձնականը»:
 
 
Խոսելով ֆիլմի մասին՝ դերասանուհին պատմեց.
 
«Սա բազմաշերտ ֆիլմ է: Այնպես չէ, որ ողջ ֆիլմը կատագերկական գծերով է լրացված, այստեղ կան նաեւ շատ լուրջ սյուժետային գծեր: Այսինքն՝ սա կապ չունի մեր օրերում մեծ տարածում գտած կոմերցիոն ֆիլմերի հետ, որոնք հիմնականում ծիծաղեցնելու համար են: «Լյուդվիգ անունով ոզնին» համարվում է ռոմանտիկ կատակերգություն, որտեղ կան նաեւ հուզիչ կտորներ եւ անսպասելի իրավիճակներ»:
Անիի հերոսուհին, ինչպես ինքն է ասում, ներկայացնում է ֆիլմի ռոմանտիկ թելը:
 
«Իմ հերոսուհին կատակերգական կերպար չէ: Իհարկե, չակերտներ չեմ բացի, բայց կարող եմ ասել, որ կերպարս խիստ տարբերվող է «Կյանք ու կռիվ 2»-ում մարմնավորածս դերից: Այստեղ իմ տարիքին մոտ աղջկա եմ ներկայացնում»,- հավելեց նա:
 
 
Անի Ղազարյանի խոսքով՝ դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր հակված են լավ աշխատանք ստեղծելուն:
«Մեր աշխատանքը հեշտնում է նրանով, որ դերասաններով իրար լավ ենք ճանաչում: Առհասարակ, դերասանն իրեն ավելի հանգիստ ու ազատ է զգում, եթե լավ է ճանաչում իր խաղընկերոջը: Սա նաեւ տալիս  է մասնագիտական վստահություն, որը շատ է օգնում որակյալ աշխատանք ստեղծելուն: Մեզ մոտ հրաշալի մթնոլորտ է տիրում, չկա ոչ մի լարվածություն: Պետք է շեշտեմ, որ  ինչպես նախորդ աշխատանքներում, այս անգամ եւս ոչ միայն դերասանական, այլեւ ողջ ստեղծագործական թիմն է հոյակապ կատարում իրենց աշխատանքը»,- հավելեց նա:
 
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ նաեւ վերադարձել է թատրոնային աշխատանքին:
«Հիմա աշխատում եմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, ներգրավված եմ նոր ներկայացման մեջ, որն ամենաուշը երկու ամիս անց կներկայացնենք թատերասեր հասարակությանը»,- ավարտեց Անի Ղազարյանը:

Աղբյուրը՝ panorama.am

loading...