Հոկտեմբերի 21-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում բացվեց քանդակագործ Հրանտ Հովսեփյանի դստեր` գեղանկարչուհի Անահիտ Հովսեփյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին Ա. Հովսեփյանի հարազատները, աշակերտները, այնպես էլ անվանի արվեստագետներ:

Անահիտ Հովսեփյանի համար օրը հուզիչ էր ու խորհրդանշական. ցուցահանդեսը հոբելյանական էր` նվիրված նկարչուհու 50-ամյակին: Ցուցահանդեսի խորագիրն էր` «Ներշնչանքս` դուք...», նկարչուհին նշեց, որ յուրաքանչյուր նկար ունի իր պատմությունն ու հատուկ ներշնչանքը:

«Խորագիրը վերաբերում է բոլորին` երեխաներիս, աշակերտներիս եւ ընդհանրապես աշխարհին: Ամեն մի նկարի համար ինչ-որ մեկը ներշնչանքի աղբյուր է ինձ համար հանդիսացել: Այսօր զգացողություններս բուռն են` կա ոգեւորություն, սեր, դրական բոլոր զգացմունքները մեկտեղված են: Այս ցուցահանդեսով ցանկանում եմ մարդիկ ինձ ճանաչեն, ուզում եմ աշակերտներս էլ տեսնեն, թե ի վերջո ինչ եմ այդքան նկարում: Կարծում եմ` նրանց համար եւս հաճելի կլինի տեսնել ուսուցչուհու աշխատանքները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Հովսեփյանը:

Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչուհու՝ 2004-ից մինչեւ 2017 թվականների նկարները: Հենց 2004-ից էլ նկարչուհին սկսել է ավելի շատ աշխատել, իսկ ուշ ստեղծագործելու պատճառները պայմանավորված են ընտանեկան հանգամանքներով. «2004թ-ից սկսեցի ավելի շատ աշխատել: Երեխաներ ունեմ, նրանք այն ժամանակ դեռ փոքր էին, իսկ յուրաքանչյուր նկարի վրա կարող ես  8-9 ժամ աշխատել: Հետո, երբ նրանք մեծացած, ձեռքս ազատվեց եւ սկսեցի ավելի շատ աշխատել, այդ իսկ պատճառով աշխատանքներիս մեծ մասը 2010-ից հետո եմ արել: Բացի այդ, մուսա ասվածն իսկապես գոյություն ունի, երբ այն գալիս է, այլեւս չի գնում: Մուսայի հարցում մեծ նշանակություն ունեն աշակերտներս, նրանք ամեն անգամ մի նյութ են տալիս ինձ»,- հավելեց նա:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Անահիտ Հովսեփյանի նկարչության առաջին ուսուցչուհին` Լաուրա Ավետիսյանը (Լաուրա Ասքանազի): «Հիանալի գործեր են, ինչի համար ուրախ եմ Անահիտի համար: Նա շատ աշխատասեր ու ճաշակով, միաժամանակ, համեստ անձնավորությունն է: Որպես ուսուցիչ` ես գոհ եմ, նա չտեսնված աշխատանքներ ունի: Շատ հետաքրքիր են բոլոր նկարները, Անահիտը ուժեղ երեւակայություն ունի, մնում է նրան միայն շնորհավորել եւ մաղթել հետագա բուռն ստեղծագործական կյանք»,- նշեց նա:

Իր յուրօրինակ գործերով հայտնի նկարիչ Համբարձում Սահակյանը առաջին անգամ էր տեսնում ընկերոջ` քանդակագործ Հրանտ Հովսեփյանի դստեր աշխատանքները: Անահիտ Հովսեփյանի մասին խոսելիս` նկարիչն անգամ հուզվեց. «Երբ ներս մտա ընկերոջս աղջկա ցուցահանդեսին, առաջին իսկ գործից տպավորվեցի: Շատ հետաքրքիր մոտեցում կա, իսկ գունային առումով ուղղակի հրաշք է, ես հիացած եմ, խոսք չունեմ ասելու, այս ցուցահանդեսը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Ինձ շատ ուրախացրեց, որ այսպիսի մեծ հաջողությունների է հասել Անահիտը»,- նշեց նա:

Ի դեպ` Անահիտ Հովսեփյանի նկարազարդումնեռրով 2016-ին լույս է տեսել Ղազարոս Աղայանի հեքիաթների գիրքը: Ցուցահանդեսում ներկայացված «Նատյուրմորտ», «Սպասում» «Հայկական մոտիվներ» «Հրազդան» եւ այլ շարքերի հետ միասին ներկայացված էին նաեւ տարբեր  հեքիաթների պատկերներ («Անահիտ», «Արեւամանուկ», «Հազարան Բլբուլ» եւ այլն):

Հավելենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 28-ը. մուտքն ազատ է:

loading...